Tuesday, February 9, 2010

Հայաստան-Թուրքիա մերձեցումը երկար ժամանակ կարող է պահանջել. ԵԽ գլխավոր քարտուղար

Tert.am. 9-2-2010- Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մերձեցման գործընթացը հուսադրող է։ Այս մասին CnnTurk-ի հետ հարցազրույցում ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը՝ միևնույն ժամանակ, նշելով, որ գործընթացը կարող է ժամանակատար լինել։ «Ես չգիտեմ, թե կարճաժամկետ հեռանկարում ինչպիսին է լինելու հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքը։ Չեմ կարող ասել՝ Արձանագրությունները երկրների խորհրդարաններում կվավերացվեն, թե՝ ոչ։ Այդ հարցում քաղաքական խոչընդոտներ կան։ Սակայն առաջին քայլն արված է, և վստահ եմ, որ դա վերջինը չի լինելու։ Գործընթացը կարող է ձգվել հինգ, տասը կամ քսան տարի։ Սակայն Հայաստանը և Թուրքիան հարևան երկրներ են»,- նշել է Յագլանդը։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը խոսել է նաև Թուրքիայի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Եվրոպայում ունեցած դերակատարության մասին՝ հայտարարելով, որ իր ակնկալիքները Թուրքիայից մեծ են։ Անդրադառնալով Թուրքիայի ներքաղաքական հարցերին՝ Յագլանդը խոսել է թուրքական իշխանությունների «ժողովրդավարական նախաձեռնության» մասին՝ ընդհանուր առմամբ դրական գնահատելով ազգային փոքրամասնությունների սոցիալական և մշակութային իրավունքների ընդլայնմանն ուղղված մոտեցումը։ Միևնույն ժամանակ Տորբյորն Յագլանդը նշել է, որ այդ իրավունքները պետք է երաշխավորվեն սահմանադրորեն։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև, որ Թուրքիան «ժամանակակից սահմանադրության կարիք ունի»։

No comments: