Monday, February 22, 2010

Ադրբեջանը բողոքում է հայ-իրանական հարաբերությունների դեմ

/PanARMENIAN.Net/ 22.02.2010 - Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը (ԱԱԿ) եւ Քաղաքացիական համերաշխության կուսակցությունն այսօր բողոքի ցույց են կազմակերպել Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ: Բաքվի գործադիր իշխանության կողմից արտոնված պիկետի մասնակիցները բողոքում էին Թավրիզում ադրբեջանական հյուպատոսության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ հայ-իրանական հարաբերությունների դեմ: Ցույցի մասնակիցները կրում էին Սերժ Սարգսյանի ու Մահմուդ Ահմադինեժադի դիմանկարները, «Եղբայրությունը Հայաստանի հետ հակսում է իսլամի արժեքներին», «Ո'չ շովինիզմի ֆարսին» պաստառները: Հնչել են «Միավորել Ադրբեջանը Թավրիզի շուրջ», «Ռուսները, պարսիկներն ու հայերը թուրքերի թշնամիներն են» կարգախոսները: ԱԱԿ մշտական խորհրդի նախագահ Աժդար Թաղիզադեն դատապարտել է հայ-իրանական հարաբերությունների բարելավումը, այն ճնշումը, որ գործադրվում է ադրբեջանցիների վրա Իրանում եւ ձերբակալությունները: Այնուհետեւ հայտարարություն է հանձնվել դեսպանատուն: Փաստաթղթի մեջ պահանջվում է ազատ արձակել Իրանում ձերբակալված ադրբեջանցիներին, կասեցնել այդ երկրի կապերը Հայաստանի հետ, վերջ դնել հակաադրբեջանական քարոզարշավին, որ ծավալվել է իրանական մամուլում, հաղորդում է ԱՊԱ-ն: Փետրվարի 18-19-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան առջեւ տեղի էր ունեցել բողոքի ցույց , գրում է «Ենի Մուսավաթ» կուսակցությունը: Պիկետի մասնակիցներն այրել են Ադրբեջանի դրոշը, հավկիթներ են նետել դեսպանատան շենքի ուղղությամբ, ոտնահարել են պետական խորհրդանիշները: Իրենց հերթին ադրբեջանական կազմակերպությունները եւս մտադիր են պիկետ կազմակերպել Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ:

No comments: