Wednesday, February 24, 2010

Nabucco-ն մտավ փակուղի` անհրաժեշտ գազը չկա

Aysor.am. 23.02.2010 - ԱՊՀ էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռապը ադրբեջանական 1news գործակալությանն ասել է, որ Nabucco գազամուղը փակուղի է մտել` բեռնավորվող գազի բացակայության պատճառով: Nabucco նախագիծը ենթադրում է, որ Կասպյան ավազանից բնական գազի արտահանումը դեպի եվրոպական երկրներ պետք է անցներ Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Հունգարիայով, Ռումինիայով և Ավստրիայով` շրջանցելով Ռուսաստանը: Այն նախատեսված է տարեկան 31 մլրդ խ/մ գազ տեղափոխելու համար: «Nabucco-ն ամբողջությամբ փակուղի է մտել, քանի որ Ռուսաստանը մեծ հաջողությամբ կարողացավ համոզել մի քանի բալկանյան երկրների` միանալ «Հարավային հոսք»-ին: Վերջինիս մասով շատ հաջողված բանակցություններ են տարվում նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև»,-ասել է եվրոպացի փորձագետը: Նրա խոսքերով, թուրքմենները իրենց գազն ամբողջությամբ վաճառում են կամ Ռուսաստանին, կամ Չինաստանին, այնպես որ, Nabucco-ի համար մնում է հիմնականում ադրբեջանական գազը: «Ադրբեջանը ներկայում մեծ ծավալներով գազ է վաճառում Ռուսաստանին և Իրանին, այդ պատճառով էլ` Nabucco-ի համար գազ պարզապես չկա»,- ասել է Ռապը` ադրբեջանական 1news գործակալությանը: Ըստ նրա, Արևմուտքում հույս ունեն, որ Nabucco-ն կլցվի իրանական գազով, սակայն այնտեղ իրավիճակը կայուն չէ, և արդյո՞ք բավարար քանակությամբ գազ կլինի եվրոպական շուկա ուղարկելու համար: «Սակայն դա միակ հնարավորութունն է Nabucco-ի համար, նման այլ հնարավորություն չկա»- ավարտել է Ա. Ռապը:

No comments: