Saturday, March 6, 2010

Հովիկ Աբրահամյանը նամակ է գրել Փելոսիին

Tert.am. 6-3-2010- ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է գրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսիին։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո տիկին նախագահ Հայաստանում մեծ ուշադրությամբ և հուզմունքով էինք հետևում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումներին։ Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները։ 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաև արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջև գործած ոճրագործությանը։ Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում այս բանաձևի ընդունմանը։ Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն օրը, երբ բանաձևը կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարևոր քայլ կլինի հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին։ Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»։

No comments: