Thursday, March 4, 2010

«ԱՐԴՅՈՔ ԵՂԵ՞Լ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆ»

Հարցին Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդականը դրական պատասխան է տվել «ԱԶԳ», 04-03-2010- Անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիայում գործող Հայկական կենտրոնը նախաձեռնել էր ակցիա եւ հարցման ձեւով պատվիրել Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդականին` Ջեֆրի Ռոբերտսոնին, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքական ուղեգծի մասին տեսակետ ներկայացնել: Ռոբերտսոնի ընտրությունը պատահական չէր: Նա մարդու իրավունքների եւ ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է եւ ոչ միայն Անգլիայում, այլեւ Եվրոպայում համարվում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը: «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը նկատում է, որ Ռոբերտսոնի կարծիքը շատ ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել, քան որեւէ այլ մասնագետի կամ կազմակերպության: Ռոբերտսոնիՙ «Արդյոք եղե՞լ է հայկական եղեռն» զեկույցի անգլերեն տարբերակի շնորհանդեսը տեղի էր ունեցել նախորդ տարի Լոնդոնում: Զեկույցի հայերեն տարբերակն արդեն պատրաստ է: Էլեկտրոնային տարբերակով գրքի շնորհանդեսը կայացավ երեկ Ցեղասպանության թանգարան-ինտիտուտում: 65-70 էջանոց աշխատությունը չափազանց կարեւոր է հատկապես իրավական տեսանկյունից: Ռոբերտսոնն իր զեկույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության նախապատմությանը` հղում կատարելով հենց բրիտանական փաստաթղթերին: Նա խնդիր է բարձրացնում, որ խախտվել են մարդկանց իրավունքները, տնտեսական նպատակահարմարությունից ելնելով Բրիտանիայի այդ ժամանակվա իշխանությունները սխալ, ապակողմնորոշող տեղեկատվություն են տրամադրել հասարակությանը: Բրիտանացի քաղաքական գործիչներն անդադար հայտարարում էին, որ որեւէ փաստաթուղթ չկա, որն ապացուցում է թուրքական նպատակադրվածությունը` իրականացնել հայերի հանդեպ ցեղասպանությունը, մինչդեռ Ռոբերտսոնը հերքում է այդ կարծիքն ու ներկայացնում իր փաստերը: «Յուրաքանչյուր երկրի հիշողության մեջ կա Հայոց ցեղասպանության փաստը: Թեմայի քննարկումը առաջնահերթ հարգանք է յուրաքանչյուր երկրի ժողովրդի ու պատմության առաջ: Հայոց ցեղասպանությունը եվրոպական հիշողության մաս է կազմում` քաղաքական եւ բարոյական բաղադրիչներով: Շարքային քաղաքացին` ապրի Անգլիայում թե ԱՄՆ-ում, պետք է իմանա, թե իր նախնիները ինչպիսի մարդասիրական քայլ են կատարել ու օգնել հայ փախստականներին», նկատում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Դեմոյանի կարծիքովՙ վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում նկատվող աշխուժությունը Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ մեծապես կապված է հենց այս աշխատության հետ: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: