Thursday, March 4, 2010

Էրդողանը ԱՄՆ կմեկնի Անկարայի համար ճգնաժամային շրջանում

/PanARMENIAN.Net/ 03.03.2010 - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կմեկնի Անկարայի համար ճգնաժամային շրջանում: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Թուրքիայի վարչապետը Միացյալ Նահանգներ կմեկնի ապրիլի 11-ին, որպեսզի մասնակցի միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին: Ինչպես նշում է թերթը, ամենայն հավանականությամբ Էրդողանի այցի օրակարգում գերակայող հարց է լինելու Հայոց ցեղասպանության թեման եւ դրա հնարավոր ճանաչումը ԱՄՆ կողմից: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կկայանա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: