Monday, March 22, 2010

ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ջավախքի հայերն էլ մարդ են և ունեն մարդու բոլոր իրավունքները, կամ բաց նամակ Lragir.am-ի խմբագրությանը www.lragir.am կայքէջի 2010թ. մարտի 20-ի Հոնքը սարքելու փոխարեն հոդվածի անհայտ հեղինակը անում է հետևյալ միանշանակ պնդումը. “աշխարհի որևէ քիչ թե շատ կայացած երկիր թույլ չի տա էթնիկ հիմքով քաղաքական կուսակցության գոյությունը”: Միանգամայն անհիմն և իրականությանը չհամապատասխանող պնդում: Օրինակ, Իսպանիայի խորհրդարանում ներկայացված տասը կուսակցություններից և բլոկներից վեցը էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններ են: Դրանք հետևյալներն են. Միասնության և միության կուսակցությունը [Կատալոնիա] (ConvergՌncia i Uniց Partido de Catalunya). Այն ներկայացված է Իսպանիայի 50 նահանգներից միայն 4-ում և խորհրդարանում ունի 6 տեղ: Բասկերի ազգայնական կուսակցությունը (Partido Nacionalista Vasco)` ներկայացված է 3 նահանգում և ունի 6 տեղ, Կատալոնիայի ձախ հանրապետականները (Esquerra Republicana de Catalunya)` 4 նահանգում և 3 տեղ, Կանարյան կոալիցիան (Coaliciցn Canaria)` 2 նահանգում և 2 տեղ, Գալիցիայի ազգայնական բլոկը (Bloque Nacionalista Galego) 3 նահանգում և 2 տեղ, Նավարրային` այո բլոկը (Nafarroa Bai )` 4 նահանգում և 1 տեղ: Ի դեպ վերջին երկու բլոկների մեջ մտնում է համապատասխանաբար 6 և 4 կուսակցություն: Բացի վերոհիշյալներից Իսպանիայում գործում են նաև մի քանի տասնյակ այլ էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններ, որոնք ներկայացված չեն դաշնային խորհրդարանում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս կուսակցություններից շատերը հանդես են գալիս ոչ այնքան ինքնավարության պահանջով (քանի որ այդ շրջաններից շատերն արդեն ինքնավար են), որքան առավելաբար պահանջում են լիակատար քաղաքական անկախություն: Սակայն դրանից նրանք հանցագործ չեն դառնում կամ համարվում: Անկախության պահանջը, առավել ևս ինքնավարության պահանջը, ինքնին հանցագործություն չէ: Դա իրավունք է: Դա մարդու ազատ ընտրության բաղադրիչներից է: Կանադայի խորհրդարանում ներկայացված (51 տեղ) Քեբեկցիների կուսակցությունն (Bloc Quռbռcois ) ունի էթնիկ բնույթ և գործում է Կանադայի 13 նահանգներից և տարածքներից միայն մեկում` Քեբեկում, բայց դրանից այդ կուսակցությունը չի դառնում հանցագործ: Այդ կուսակցության վերջնական նպատակն է անկախ պետականության ստեղծումը: Նրա նախաձեռնությամբ Քեբեկում մի քանի անգամ անկախության հանրաքվե է անցկացվել, սակայն միշտ էլ 2-3 տոկոս չի բավականացրել 50 տոկոսի սահմանագիծն անցնելու համար: Վստահաբար կարող եմ ասել, եթե Քեբեկի բնակիչների մեծամասնությունը մի օր քվեարկի անկախության օգտին, կենտրոնական իշխանությունը բանակը չի ուղարկի ճնշելու քեբեկցի ՚անջատողականներինՙ: Ի վերջո անջատվելու կամ միանալու իրավունքը մարդու անօտարելի իրավունքներից մեկն է: Նշեմ, որ Կանադայից անկախության ձգտող կուսակցությունը նույն Կանադայի կենտրոնական իշխանությունից դրամական աջակցություն է ստանում իր կուսակցական գործունեության համար, քանի որ դա է օրենքի պանաջը: Քեբեկցիների կուսակցությունը Կանադայի ամենամեծ էթնիկ/տարածաշրջանային կուսակցությունն է, սակայն յուրաքանչյուր նահանգում կա մի քանի էթնիկ/տարածաշրջանային կուսակցություն: Կանադայում համապետական վերջին ընտրություններին (2006թ.) մասնակցում էր Կանադայի տեղաբնիկ ժողովուրդների ազգային կուսակցությունը (The First People National Party of Canada), սակայն այն տեղ չգրավեց խորհրդարանում, քանի որ հավաքեց ընդամենը 1201 քվե: Դա 7,6 անգամ քիչ էր, քան Կանադայի Մարիխուանայի կուսակցությունը (The Marijuana Party of Canada): Ի դեպ Կանադայում գրանցված է նաև Ռնգեղջյուրի կուսակցություն (Rhinoceros Party). Ֆրանսիայում գործող էթնիկ/տարածաշրջանային կուսակցություններից հիշատակելի են բասկերի Բասկերի երկիր (Abertzaleen Batasuna) կուսակցությունը, էլզասցիների (գերմանացիների) Նախ Էլզասը (Alsace d’abord) կուսակցությունը, բրետոնցիների Բրետոնի ժողովրդավարական միություն (Union Democratique Bretonne) կուսակցությունը, Սավոյցիների լիգա (Ligue Savoisienne) կուսակցությունը և կորսիկացիների Ազգային միություն (Unione Naziunale) կուսակցությունը: Սրանք բոլորն էլ իրենց էթնիկ տարածաշրջանների համար ավելի լայն ինքնավարություն պահանջող կամ անկախության ձգտող կուսակցություններ են: Միացյալ թագավորության խորհրդարանի համայնքների պալատում Շոտլանդական ազգային կուսակցությունն (Scottish National Party) ունի 7 տեղ և 2 տեղ Եվրոպայի խորհրդարանում, իռլանդական Շին ֆեյն (Sinn Fein) [Մենք ինքներս] կուսակցությունը համապատասխանաբար 5 տեղ և 1 տեղ, ուելսցիների Փլեյդ Գըմռը (Plaid Cumru, Ուելսի կուսակցություն) 3 տեղ և 1 տեղ, Օլսթըրի միութենական կուսակցությունը (Ulster Unionist Party) 1-ական տեղ: Հատկանշական է, որ սրանք բոլորը, բացի վերջինից, անկախական/անջատողական կուսակցություններ են, այսինքն` պայքարում են հանուն իրենց ազգային-տարածքային միավորների լիակատար անկախության: Այսուհանդերձ, այդ կուսակցությունները ոչ միայն չեն փակվում և նրանց անդամները չեն ձերբակալվում ու հալածվում, այլև իրենց ներկայացուցիչներն ունեն Եվրոպական խորհրդարանում: Ռումինիայի քաղաքական դաշտում գնչուները ներկայացված են երկու միավորով` Գնչուների կուսակցությամբ (Partija Roma), որը ներկայացված է նաև խորհրդարանում և արտախորհրդա-րանական ՚Ռոմաՙ [գնչու] քաղաքացիկան միություն կուսակցությամբ (Civil Union 'Roma'). Նույն երկրի հունգարացիները խորհրդարանում ներկայացված են Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միություն կուսակցությամբ ( Democratic Union of Hungarians in Romania), որը 22 տեղ ունի պատգամավորական պալատում, 9 տեղ սենատում, 3 տեղ Երվրախորհրդարանում: Ռումինիայի գերմանացիների Ռումինիայի գերմանացիների դեմոկրատական ֆորում կուսակցությունը (Demokratisches Forum der Deutschen in Rumanien, DFDR) խորհրդարանի պատգամավորական պալատում ունի 1 տեղ: Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգներում ընտրական պայքարն ընթանում է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև: Այսուհանդերձ, կան բազմաթիվ, այդ թվում նաև տարածաշրջանային/նահանգային ընդգրկման, կուսակցություններ: Նշեմ երկու ամենահետաքրքիրները` Բոստոնի թեյախմության կուսակցությունը (Boston Tea Party) և Միացյալ Նահանգների մարիխուանայի կուսակցությունը (United States Marijuana Party): ԱՄՆ-ում չկան էթնիկ կուսակցություններ, որովհետև երկրում չկան հոծ բնակեցված էթնիկ շրջաններ: Փոխարենը ներկայում գործում են բազմաթիվ տարածաշրջանային/ նահանգային կուսակցություններ, այդ թվում` Օրեգոնի անկախության կուսակցությունը (Independent Party of Oregon ) կամ Հարավի անկախության կուսակցությունը [Թեքսաս] (Southern Independence Party, [Texas]) Ակնհայտ է, որ այսօր Ջավախքի հայերը չունեն անկախության ձգտում: Նրանք անգամ վարչական լայն և լիակատար ինքնավարության ձգտում չունեն: Ես անգամ չգիտեմ` դա լավ է, թե վատ, բայց դա փաստ է: Նրանց ուզածը միայն որոշ հարցերում սահմանափակ ինքնավարությանն է: Պարզ ասած` ուզում են, որ իրենց էլ մարդու տեղ դնեն, որ իրենք իրենց հողի վրա որպես հայ արժանապատիվ ապրելու անսակարկ իրավունք ունենան: Ջավախքի հայերն էլ մարդ են և ունեն մարդու բոլոր իրավունքները: Այդ թվում նաև իրենց կամքն ազատորեն` սեփական քաղաքական և ոչ քաղաքական կառույցների միջոցով, արտահայտելու իրավունք: Հետևաբար, հանուն տարածաշրջանի կայունության ջավախահայերը պիտի կարողանան կենսագործել իրենց իրավունքերը, օրինակ գոնե այն մակարդակով, ինչ գնչուները Ռումինիայում: Թե չէ մի օր Ջավախքը կհոգնի Հայաստանի և Ղարաբաղի մատաղացու գառը լինելուց: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, 20 մարտի 2010թ. Խմբ.կողմից. Հարգարժան Արա Պապյանի բերած փաստական հարուստ տվյալները ցույց են տալիս, որ նշված օրինակների մեծամասնությունը վերաբերում է ռեգիոնալ հիմքով կուսակցություններին, եւ ոչ էթնիկ, թեեւ որոշ դեպքերում կարող են նաեւ համընկնել: Մյուս կողմից, բերված օրինակներում այդ ռեգիոնների մեծամասնությունն ունի ինքնավարության որոշ, հաճախ նաեւ` շատ բարձր աստիճան: Մյուս օրինակների նմանությամբ, օրինակ, հայեր կան տարբեր երկրների խորհրդարաններում ու գործադիր իշխանության մարմիններում: Իր հերթին, պետք է նկատի առնել նաեւ Ջավախքի շուրջ ստեղծված իրավիճակը, եւ իսկապես թույլ չտալ Ջավախքը մատաղացու գառ դարձնել, ընդ որում` ոչ միայն Ղարաբաղի ու Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, Թուրքիայի... Սրա մասին էր խոսքը:

No comments: