Saturday, March 6, 2010

Արամ Համփարյան. Թուրքիան Կոնգրեսում չունի վետոյի իրավունք

Aysor.am. 05.03.2010- Ամերիկայի Հայ ազգային կոնգրեսի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ԲիԲիՍի-ի ռուսաստանյան ծառայությանը տված իր հարցազրույցում ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևի հաստատումը: Հիշեցնենք, նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը: «Քվերակությունը հզոր ազդանշան է առ այն, որ Թուրքիան ամերիկյան Կոնգրեսում չունի վետոյի իրավունք, որ նրանք չունեն վետոյի իրավունք այն հարցում, թե ինչպես է ԱՄՆ-ը լուծում մարդու իրավունքների խնդիրը: Մեր կարծիքով` դա ճշմարտության հաղթանակն է Անկարայի սպառնալիքների նկատմամբ», - հայտարարել է Արամ Համփարյանը: Արամ Համփարյանը գտնում է, որ եթե հարցը դրվի ողջ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, մեծամասնությունը կողմ կքվեարկի այն իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն: Արամ Համփարյանի խոսքով, այս մասին է վկայում այն փաստը, որ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեն չենթարկվեց Բարաք Օբամայի աշխատակազմի աննախադեպ ճնշումներին. «Նա խոստացել էր ճանաչել այդ հանցագործությունները, բայց դրա փոխարեն ակտիվորեն աշխատում է Ցեղասպանությունը մերժող արտասահմանյան ներկայացուցչությունների օգտին` փորձելով արգելափակել Կոնգրեսի որոշումները, որոնք դատապարտում են մարդու իրավունքների խախտումները: Դա բոլորովին այն չէ, ինչ նա ավելի վաղ խոստացել է, և դա խորապես վիրավորում է հայկական ծագում ունեցող բոլոր ամերիկյան ընտրողներին», - ասել է Արամ Համփարյանը:

No comments: