Monday, March 1, 2010

«ԹՈւՐՔԻԱՆ ՍՏԱՑԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉ ԻՐԵՆ ՊԵՏՔ Է»

Report.am. 1-3-2010- Չնայած իշխանությունների կողմից գործի դրված բոլոր միջոցներին, ՀԱԿ հանրահավաքը բազմամարդ էր, շատերը տեղ հասան մեկ-մեկուկես ժամ ուշացումով: Հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ ` իբրև հարգանքի տուրք երկու տարի առաջ այս օրը Երևանում զոհվածների: «Մեր բոլորի որդիներն այդ գեղեցիկ գարնանային օրը զոհը դարձան իշխանական մեքենայի: Անցել է 2 տարի, բայց ոչ մի բացահայտում չի եղել, արցունքը մեր աչքերից չի պակասել»,- առաջին ելույթը զոհված Տիգրան Խաչատրյանի մայր Ալլա Խաչատրյանինն էր: «Մարտի մեկի էջը պարոնայք իշխանություններն են բացել, բայց այդ էջը, վերջիվերջո, ժողովուրդն է փակելու, ձեր բացած էջը»,- իր ելույթում մարտի մեկի էջը փակելու՝ իշխանությունների մտադրություններին պատասխանեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած՝ իշխանությունների Wishfull things` ցանկալին իրականի տեղ անցկացնելու շարքից է: «Եթե այս ամենն անհանդուժողականություն եք համարում, համարեք, դուք գնդակահարեք, իսկ մենք հանդուրժենք, դուք երկիրը թալանեք, մենք չտեսնելու տանք, դուք անմեղ մարդկանց բանտերը լցնեք, մենք չբողոքենք, դուք ընտրությունները կեղծեք, մենք հաշտվենք դրա հետ: Անտարակույս, սա է հանդուրժողականության մասին ձեր պատկերացումը, և անշուշտ, սա է ձեր երազած իդելական պետությունը: Բայց այդ երազը մի գեղեցիկ օր անխուսափելիորեն փշրվելու է: Մենք ձեր բարբարոս և անկիրթ տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի բռնությունը, ստորությունը, տգիտությունն ու գավառամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա ելույթը, ինչպես միշտ, ներքին և արտաքին քաղաքական իրողությունների, ընթացիկ քաղաքական իրավիճակի համապարփակ վերլուծություն էր. ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերությունների ներկա հանգրվան: Վերջինս, ըստ ՀԱԿ առաջնորդի, հանգուցալուծման փուլում է: Ավելին՝ ըստ ՀԱԿ տեղեկությունների` կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել կարևորագույն հարցի` շրջանների վերադարձի վերաբերյալ և բանակցվում են միայն ապագայի` կարգավիճակի վերաբերյալ հարցերը: Եվ անգամ որոշվել է, թե որ կողմերի համար վիճելի հարցերը շրջանակային համաձայնագրում պետք է ընդգրկվեն. «Գաղափարի էությունն ակնհայտորեն հետևյալն է. շրջանային համաձայնագրում ամրագրվում են ոչ միայն համաձայնեցված դրույթները, այլև վիճահարույց հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունները: Ասենք, Ադրբեջանի անունից նշվում է, որ ԼՂՀ-ին տրվելու է ինքնավարության կարգավիճակ կամ որ Լաչինի միջանցքը գտնվելու է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, իսկ Հայաստանի անունից՝ որ Ղարաբաղը հռչակվելու է անկախ պետություն կամ Լաչինի միջանցքի վերահսկողությունը իրականացվելու է հայկական ուժերի կողմից: Հասկանալի է, որ նման նորարարական մեթոդաբանության կիրառումը միտված է առաջին հերթին կողմերի դեմքը փրկելուն, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն ունենան իրենց հասարակություններին ներկայանալ որպես սեփական ազգային շահերի կրողներ»։ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որոնք շատերի գնահատմամբ փակուղում են, ՀՀ առաջին նախագահը հայտարարեց` այդպես կարծողները չարաչար սխալվում են, որովհետև կողմերից մեկը` Թուրքիան, ստացել է այն, ինչ իրեն պետք է. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցումը: Մյուս ելույթ ունեցողների խոսքում պարբերաբար հնչում էին «իշխանափոխություն» բառը կամ «մեր պայքարը մտել է գործնական փուլ» և այլ արտահայտություններ: Ինչպես օրինակ` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթում, որն ավարտեց իշխանափոխության կոչով. «Կա՛մ իշխանափոխություն կլինի, կա՛մ մենք կկորցնենք Հայաստանը»: Խոսելով գազի սակագնի բարձրացումից` տնտեսագիտորեն հիմնավորելով, որ «ՀայՌուսգազարդը» ինչպես նախկինում, գազը գնում է 60000 դրամով, նաև նշեց, որ Հայաստանի վրա լրացուցիչ հարկեր են դրվել խոշոր տնտեսվարողներին սուբսիդավորելու համար: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը 7 կետանոց հայտարարություն ներկայացրեց իշխանություններին, որոնցից են` բացել «Ա1+»-ը, ազատել քաղբանտարկյալներին, կատարել փոփոխություններ ընտրական օրենսգրքում, ընդունել Հանրաքվեի մասին օրենք, անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Մարտի 16-ին ՀԱԿ-ը նախատեսում է երթ` դեպի ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակ` ԵԽԽՎ ապրիլյան նիստին ընդառաջ: Արամ Մանուկյանը հիշեցնելով ռուսական «Վերսիա» լրատվամիջոցի տպագրած շարքը Հայաստանի ազգային հարստությունները յուրացրած պաշտոնյաների մասին նշեց, որ նրանցից ամեն մեկը հաղորդագրություն է հանցագործության մասին և առաջարկեց ստեղծել ՀԱԿ-ի ներկայացուցիչներից և իշխանություններից կազմված հանձնախումբ, որը պետք է քննի հրապարակումների իսկությունը. «Տղամարդ եք, ընդունե՛ք»,- իշխանություններին դիմեց Արամ Մանուկյանը: Հանրահավաքը եզրափակվեց երթով դեպի Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ: ԱՆՈւՇ ԴԱՇՏԵՆՑ

No comments: