Wednesday, March 24, 2010

ՀԱԿ. Ֆուտբոլային դիվանագիտությունը ձեռնարկվեց սեփական լեգիտիմության դեֆիցիտը լրացնելու նպատակով

News.am. 23-3-2010- «Հայ-թուրքական գործընթացի մեկնարկն ի սկզբանե սխալ էր տրված. այն հիմա էլ շարունակում է սխալ ճանապարհով գնալ, ինչը հանգեցրել է մարազմատիկ վիճակի»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը։ Համոզմունք հայտնելով, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական մերձեցման նախաձեռնությունն իր վրա վերցրեց բացառապես «սեփական լեգիտիմության դեֆիցիտը լրացնելու» նպատակով, նա կարծիք հայտնեց, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանը, որպես պետություն, պատրաստ չէր մտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացի մեջ. «Հայաստանում չկար ձեւավորված լեգիտիմ իշխանություն, հասարակությունը երկփեղկված էր, իսկ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի կայունության եւ իմիջի օգտին չէին խոսում»,- նշեց Հովհ. Հովհաննիսյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ չէր «կնճռոտ երկխոսություն» սկսել Թուրքիայի հետ։ Կուսակցության նախագահի խոսքով, ֆուտբոլային դիվանագիտությունը բերեց նրան, որ հայ-թուրքական հարաբերություններն ավելի վատացան, քան կային սառեցված վիճակում։ «Սերժ Սարգսյանը այս գործընթացում գնաց աննախադեպ զիջումների, այդ թվում՝ Ցեղասպանության ուրացման, սակայն անգամ այս գինը չարդարացրեց նրա սպասելիքները»,- նկատեց Լիբերալ կուսակցության նախագահը՝ ավելացնելով, որ միջազգային հանրությունը, եւ մանավանդ ԱՄՆ-ը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված են հատկապես տարածաշրջանային կայունության տեսանկյունից. «Խնդրի կարեւորության մասին վկայում է նաեւ այն, որ նախագահ Օբաման Միացյալ նահանգներ է հրավիրել Սերժ Սարգսյանին. իսկ վերջնական պատկերը կերեւա վերջինիս՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո»։ Անդրադառնալով նրան, թե որքանո՞վ են հայ-թուրքական եւ ղարաբաղյան հարցերը միմյանց հետ շաղկապված, Հովհ. Հովհաննիսյանը նկատեց. «Չհասկանալ որ հայ-թուրքական հարաբերությունների ինչ-որ փուլում Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է առանցքային դառնար, նշանակում է, որ իշխանությունները շատ վատ են տիրապետում դիվանագիտությանը»,- ավարտեց նա։

No comments: