Wednesday, March 24, 2010

Թուրքական իշխանությունները թիրախ են դարձրել շվեդ խորհրդարանականներին

Tert.am. 23-3-2010- Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը որոշում է կայացրել զրպարտչական արշավ սկսել Շվեդիայի Ռիկսդագի` ծնունդով Թուրքիայից բոլոր այն խորհրդարանականների նկատմամբ, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այս մասին ասվում է Ասորիների և քելդանիների ժողովրդավարական նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։ «Պատմական իրողությունները հնարավոր չէ անվերջ կոծկել: Հայերի, ասորիների, քելդանիների դեմ իրականացված կոտորածների իրողությունը մեկ դար շարունակ աղավաղելու, ժխտելու և մոռացության մատնելու անհաջող փորձեր են արվել: Սակայն կոտորածների ենթարկված ժողովուրդների ջանքերով և խիղճ ունեցող պատմաբանների, մտավորականների և առաջադեմ քաղաքական գործիչների աջակցությամբ լույս սփռվեց պատմական այդ մութ անցքերի վրա, և Թուրքիան դատապարտվեց իբրև ջարդարար: Սակայն Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, դա որակելով որպես Թուրքիայի դեմ անարդարացի քայլ, շովինիստական վայնասունով զրպարտչական արշավ են սկսել Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին «կողմ» քվեարկած ազգությամբ ասորի խորհրդարանականներ Յըլմազ Քերիմոյի, Իբրահիմ Բայլանի և ազգությամբ քուրդ խորհրդարանական Գյուլան Ավջըի դեմ: Այդ կեղտոտ արշավը սկսվում է Թուրքիայի նախագահից և վարչապետից և հասնում մինչև Դենիզ Բայքալն ու Դևլեթ Բահչելին` ուղղորդվելով ցեղապաշտական-շովինիստական հատվածների կողմից…»,- նշվում է հաղորդագրության մեջ: «Բոլոր այս զարգացումները, այդ թվում վարչապետ Էրդողանի` հարկ եղած դեպքում ապօրինի բնակվող հայերին Թուրքիայից արտաքսելու մասին սպառնալիքները, վկայում են այն մասին, որ որևէ տարբերություն չկա այսօրվա Թուրքիայի իշխանությունների և ընդդիմության 1915թ. ապրիլի 24-ին հայերի կոտորածներն իրականացրած վարչակազմի միջև: Մենք խստորեն դատապարտում ենք Յըլմազ Քերիմոյի, Իբրահիմ Բայլանի և Գյուլան Ավջըի դեմ սկսված զրպարտչական արշավը… Քանի դեռ Թուրքիան հաշվի չի նստել սեփական պատմության, անցյալում իրականացված հանցագործությունների հետ, նա չի ժողովրդավարանալու»:

No comments: