Monday, March 1, 2010

«Սարդարապատ» նախաձեռնողական խումբը երբեք չի գործելու ընդդեմ որևէ ընդդիմադիր միավորի կամ գործչի»

Panorama.am. 1-3-2010- «Մարտի 1-ին ավարտվեց մի շրջան և սկսվեց մեկ ուրիշը: Անհանդուրժողականությունը, սոցիալական բևեռացումը, հասարակության աղքատացումն ու սոցիալական անարդարությունը, որը ձևավորվել էր վերջին 20 տարվա ընթացքում, բերեց այդ պայթյունին: Հիմա էլ հասարակությունը ծայրահեղ բևեռացված վիճակում է, անհանդուրժող է դարձել, սակայն մինչև չվերանա սոցիալական անարդարությունը, հայ ժողովուրդը միշտ մնալու է տնտեսական, բարոյական, սոցիալական ճգնաժամի մեջ»,- այս մասին ասաց ռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնողական խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Նշենք, որ այսօր «Սարդարապատ» նախաձեռնողական խումբն ու «Արաքս-Քուր» հիմնադրամը կազամակերպել էին տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս, և ինչպես ասաց նախաձեռնողական խմբի անդամներից մեկը, «տարածաշրջանի ամենամեծ հարցը մարտի 1-ն է»: Նախաձեռնողական խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենք փոձում են գտնել այնպիսի սկզբունքներ, որոնց վրա հենվելով` որդեգրելու են համապատասխան մարտավարություն` երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: «Համարում ենք, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Մինչ օրս ընդդիմադիր դաշտում կատարված քայլերը միտված էին ավելի շատ ժամանակավոր լուծումների, ոչ թե հիմնավոր: Մեր շարժումը, ի տարբերություն մյուս ընդդիմադիր միավորների, փորձելու է քայլեր կատարել միայն հիմնավոր լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասաց նա` հավելելով, որ իրենք երբեք չեն գործելու ընդդեմ որևէ ընդդիմադիր միավորի կամ գործչի, այլ միավորելու են ուժերը:

No comments: