Friday, March 5, 2010

Թուրքիայի կառավարությունը քննադատել է ԱՄՆ-ում հայկական օրինագծի ընդունումը

News.am 5-3-2010- Թուրքիայի կառավարությունն իր ափսոսանք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ եւ հայտարարություն տարածել, որում քննադատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։ «Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված հայկական օրինագծի հետ կապված հայտնում է իր ափսոսանքը։ Մենք քննադատում ենք թուրք ազգին անտեղի մեղադրող այդ օրինագիծը։ Այդ նախագիծն աջակցողներն անտեսել են պատմական իրականությունն ու պատմաբանների միջեւ խնդրի վերաբերյալ կարծիքները եւ քաղաքական ու անարդար դիրքորոշում են որդեգրել։ Այդ նախագծում 1915 թվականի վերաբերյալ պատմական սխալների հետ մեկտեղ միաժամանակ ներկայացվել են միակողմանի մոտեցումներ։ Միշտ էլ քաղաքական գործիչների կողմից պատմաբանների ոլորտ մտնելը բացասական ազդեցություն է ունեցել։ Մենք լուրջ մտահոգություն ունենք, որ մեր բոլոր զգուշացումներին հակառակ՝ հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւը կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը փակուղի կմտցնի։ ԱՄՆ-ի հետ լայն համագործակցության շրջանակներում շարունակվող մեր աշխատանքների վրա, ցավոք, բացասական ազդեցություն կարող է թողնել այս որոշումը, որը նախանշում է ռազմավարական տեսլականի պակասը։ Վաշինգտոնում մեր դեսպան Նամըք Թանին այս իրադարձության հետ կապված կանչում ենք Անկարա՝ քննարկումների համար»-նշվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ։

No comments: