Tuesday, April 20, 2010

Դավութօղլուն Բաքվում ներկայացրեց վաշինգտոնյան բանակցությունների մանրամասները

«Ազատություն» 20-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի երեկոյան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, այնուհետեւ` արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ալիեւի հետ հանդիպմանը, Ադրբեջանի նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Դավութօղլուն ներկայացրել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, վաշինգտոնյան հանդիպումները, բանակցությունները: Ադրբեջանի նախագահը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը: Արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում Էլմար Մամեդյարովն ասել է, թե քննարկումներից հետո որոշ հարցեր հստակեցվել են, եւ ինքը մանրամասն տեղեկատվություն է ստացել վաշինգտոնյան բանակցությունների մասին: Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահը հրավիրված չէր: Գագաթնաժողովի շրջանակներում կայացած երկկողմ հանդիպումներում Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ղեկավարները, արտգործնախարարները քննարկել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: Բաքվում կայացած ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե Վաշինգտոնում տեղի ունեցած բոլոր հանդիպումներում նշել են, որ իրենց հիմնական նպատակը գործընթացը շարունակելն է` Կովկասում խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն հաստատելու համար: «Մեր առաքելության հիմնական մասերից է հայ - ադրբեջանական խնդրի կարգավորումը եւ ադրբեջանական տարածքները օկուպացիայից ազատելը», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ասել է Դավութօղլուն: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերի հետ համատեղ դա հնարավոր կլինի իրագործել` ասելով, թե Մինսկի խմբի համանախագահների` երեքշաբթի օրը նախատեսված այցելությունը Ադրբեջան նույնպես կարեւոր է: «Մենք կշարունակենք շփումները բոլոր կողմերի հետ եւ կանենք հնարավորը` դրված նպատակին հասնելու համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Ահմեդ Դավութօղլու խոսքերով` տարածաշրջանում լարվածության աճը ցանկալի չէ: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Մադրիդյան սկզբունքների շուրջ գործընթացին: Մինչեւ վաշինգտոնյան գագաթաժողովը մենք վարչապետի հետ միասին Փարիզում հանդիպել էինք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Այնուհետեւ Վաշինգտոնում կայացել է հանդիպում Մինսկի խումբը համանախագահող մյուս երկրի` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքիայի վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի հետ: Մենք բոլոր համանախագահներին եւ Հայաստանին ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքները իրական հնարավորության պատուհան են: Յուրաքանչուրը պետք է օգտագործի այս հնարավորությունը: Ժամանակի հետ խաղալու փոխարեն, բոլոր կողմերը պետք է ջանք թափեն` հասնելու խնդրի լուծմանը` հիմնված այդ սկզբունքների վրա», - ասել է նա: Էլմար Մամեդյարովը ասել է, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում դեռ վաղ է խոսել մեծ առաջընթացների մասին: Դավութօղլու հետ համատեղ ասուլիսից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ երեքշաբթի օրը Ադրբեջան են ժամանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն եւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Մամեդյարովը նշել է, որ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այս անգամ Ադրբեջան չի այցելելու: Յուրի Մերզլյակովի համար սա կլինի վերջին այցը Ադրբեջան որպես Մինսկի խմբի համանախագահ:

No comments: