Tuesday, April 20, 2010

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

«Լրագիր» 20-4-2010- ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի եւ ռուսաստանցի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Յուրի Մերզլյակովը այսօր ժամանել են Բաքու: Այցի շրջանակներում համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարների հետ եւ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Յուրի Մերզլյակովի համար սա կլինի վերջին այցը Ադրբեջան որպես Մինսկի խմբի համանախագահ: Մերզլյակովի հետ Բաքու է ժամանել ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Պոպովը: Նա Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, թե ինքը զրոյից չի սկսելու, այլ այդ պաշտոնին շարունակելու է իր նախորդի գործունեությունը: Պոպովը հայտարարել է նաեւ, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ, եւ չի կարծում, թե Մինսկի խմբի աշխատանքում փոփոխություններ կլինեն: Իգոր Պոպովը եղել է Ռուսաստանի դեսպանը Մոզամբիկում եւ Սվազիլենդում, աշխատել է Ռուսաստանի ԱԳՆ Կենտրոնական ապարատում: Վերջին շրջանում զբաղեցրել է ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը:

No comments: