«ԱԶԳ», 28-04-2010- Նախկին Սովետական Միության տարածքում «հողային» վեճերը բազմաթիվ են. Մերձդնեստր, Աբխազիա եւ Հարավային Օսիա, ինչպես նաեւ Ղարաբաղ: Այս խնդիրներն իրենց վերջնական լուծումները դեռեւս չեն ստացել, այնինչ քաղաքակիրթ Եվրոպան բավական հեշտությամբ լուծեց Կոսովոյի հարցը` ճանաչելով նրա անկախությունը: Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահի հովանու ներքո կկազմակերպվի քաղաքագետների, վերլուծաբանների կոնֆերանս, որտեղ «կապացուցվի», որ Կոսովոյի խնդիրը ոչ մի ընդհանրություն չունի Ղարաբաղի հետ: Եթե հաշվի առնենք, որ այդ կոնֆերանսին մասնակցելու են բացառապես ադրբեջանցի քաղաքագետներ ու վերլուծաբաններ, ապա ակնհայտ կլինի, թե ինչպիսի հեշտությամբ այդ «փաստը» կապացուցվի:
Ինչեւէ, այն, որ միջազգային հանրությունը, նույնիսկ Հայաստանի ռազմավարական գործընկերները, չճանաչված հանրապետությունների վերաբերյալ օգտագործում են երկակի ստանդարտներ, վաղուց հայտնի է եւ բազմիցս է խոսվել. ինչո՞ւ, օրինակ, երրորդ երկիր Ռուսաստանը իրավունք ունի մտնելու Վրաստան եւ պաշտպանելու Աբխազիայի ու Հարավային Օսիայի իր քաղաքացիներին, ընդ որումՙ չհամարվելով ագրեսոր, սակայն Հայաստանն իրավունք չունի պաշտպանելու Ղարաբաղի իր հայրենակիցներին: Ինչո՞ւ նույն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները շտապում են ճանաչել Ռուսաստանի հարավամերիկյան բարեկամները, սակայն Ղարաբաղի վաղուց կայացած անկախությունը հրաժարվում են ճանաչել Հայաստանի մերձավորագույն բարեկամները: Այս համատեքստում բավական դիպուկ է հնչում ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի կոչն` ուղղված Սփյուռքին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կողքին բարձրաձայնել նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը:
Կրկին անդրադառնալով, ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերն է հաճախ կրկնում, Հայաստանի «մերձավորագույն բարեկամներին», նշենք. ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում` Հայոց ցեղասպանության եղելությունն ապացուցող փաստաթղթերի կողքին կան նաեւ այնպիսիները, որոնք ապացուցում են Ղարաբաղի հայկական լինելը. եւ թերեւս այսօր աշխարհում չկա գործընթացին ծանոթ մի երկիր, որը համոզված չլինի Ղարաբաղի հայկականության մեջ, ինչպես որեւէ մեկը կասկած չունի Ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, լինելով արեւմտյան արժեքների կրողներ, պետք է, որ բարձրաձայնեն Սովետների երկրի սխալների մասին, իսկ այդ սխալներն իր հուշագրություններում խոստովանել է ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը` նշելով, որ երկրների սահմանագծերն արվում էին այնպես, որ նախ նրանք կախման մեջ լինեն միմյանցից, եւ հետոՙ որ միշտ հնարավորություն լիներ «կռիվ սարքելու» եւ Մոսկվային դատավոր նշանակելու: Այսօր այդ կռիվներից մեկն արդեն ավարտված է, եւ Մոսկվան «դատավորներից» մեկն է` իր իսկ պատճառով առաջացած ղարաբաղյան հակամարտության լուծման միջնորդ երկրներից մեկը: Ի դեպ, այս միջնորդ երկրների դիրքորոշումներում առավել լավ են երեւում երկակի ստանդարտները. ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ճանաչել են Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանը` ոչ, վերջինս, սակայն, ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունները, իսկ Վաշինգտոնն ու Փարիզը` ոչ: Հետաքրքական է, որ հենց այս «միասնական եռյակը» պետք է միասնական տեսակետ առաջարկի Ղարաբաղի վերաբերյալ:
ԱՊՀ տարածքում մեկ այլ չճանաչված հանրապետության` Մերձդնեստրի վերաբերյալ նույնպես Մոսկվան ունի իր հստակ կարծիքըՙ ռուսական զորքերն այնտեղ պաշտպանում են իրենց քաղաքացիներին: Այս կապակցությամբ բավական հետաքրքրական ու որոշ երկրների համար ուսանելի հայտարարություններ է արել Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Չորոյանուն` նշելով, որ Մոլդովային վերջնական եվրոինտեգրման համար անհրաժեշտ է կամավոր հրաժարվել Մերձդնեստրից. «Մոլդովան այսօր ոչ մի կերպ չի վերահսկում իրավիճակը Մերձդնեստրում, իսկ այս խնդիրը լուրջ խոչընդոտներ է դնում երկրի ճանապարհին` դեպի Եվրոմիություն: Մեզ դուր է գալիս, թեՙ ոչ, բայց անհրաժեշտ է հաշտվել իրականության հետ` ինչ էլ ասեն մոլդովացի քաղաքական գործիչները: Այսօր Մերձդնեստրը վերահսկվում է Մոսկվայից, այնտեղ տեղակայված են ռուսական զորքեր, որոնք դժվար թե հեռանան մոտակա ժամանակներում: Քաղաքական առումով սա, անշուշտ, դժվարին որոշում է, բայց պետք է հաշտվել իրականության հետ», նշել է ռումինացի դիվանագետը:
Հատկանշական է, որ այն, ինչ անում են Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական զորքերը, նույնն անում են հայկական զորքերը Ղարաբաղում, մի շատ կարեւոր տարբերությամբ. եթե, բացի նրանից, որ ռուսները վերոհիշյալ երկրներում պաշտպանում են իրենց քաղաքացիներին, նաեւ մեծացնում են ռուսական պետության ազդեցությունը հետխորհրդային տարածքում, ապա Հայաստանը, Ղարաբաղով, ամենեւին չի մեծացնում իր ազդեցությունը` այլ պաշտպանել ու պաշտպանում է իր հայրենակիցներին նոր ցեղասպանությունից: Թերեւս սա է այն տարբերությունը Ղարաբաղի եւ մնացած չճանաչված երկրների միջեւ, սա է այն «բարդությունը», որի մասին խոսում է միջազգային հանրությունը` իր երկակի ստանդարտներով:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Wednesday, April 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment