Monday, April 12, 2010

Արմեն Այվազյանը դեմ է Հայաստանի տնտեսությունում թուրքական ներդրումներին

Tert.am. 12-4-2010- Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում սկիզբ առած Հայաստան-Թուրքիա գործընթացը հանգեցրել է տխուր հետևանքների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը` նշելով, որ Թուրքիան նախքան Արձանագրություններն ստորագրելն էր նախապայմաններ առաջ քաշել: Իսկ Արձանագրություններում, ըստ Այվազյանի, հստակ առկան են նախապայմաններ, որոնցից մեկը պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է: «ՀՀ-Թուրքիա «ճանապարհային քարտեզի» և Արձանագրությունների թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների, արդյունքում թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու մեխանիզմները: Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ»,- նշեց բանախոսը: Ըստ նրա` Ադրբեջանն էլ, տեսնելով Հայաստանի միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ: Այվազյանի խոսքով` Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը, այն է` Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումն է: «Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա չի կարելի թշնամուն հրավիրել Հայաստանի համար առաջին ռազմավարական օբյեկտի` Հայկական նոր ատոմակայանի շինարարությանը մասնակցելու կամ բաժնետեր դառնալու, ինչի մասին նախորդ տարի հայտարարեց կառավարությունը»,- ընդգծեց Այվազյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է թույլ չտալ, որպեսզի թուրքական ընկերությունները ներդրումներ կատարեն Հայաստանում, քանի որ տնտեսության մեջ ներդրումներ կատարելով` թուրքերը քաղաքական լծակներ ձեռք կբերեն: Ըստ Այվազյանի` ստորագրելով Արձանագրությունները` Հայաստանն արդեն իսկ մեծ զիջումների է գնացել: Իսկ Թուրքիան դրանք ի վերջո կվավերացնի, պարզապես գործընթացը ձգձգելով` այդ երկիրը փորձում է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:

No comments: