Tuesday, April 27, 2010

Գերմանացի հայտնի գործիչներ մասնակցել են Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Tert.am. 27-4-2010- Ապրիլի 24-ին ԳԴՀ-ում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Մայնի Ֆրանկֆուրտի «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո: Արարողությանը ելույթով հանդես են եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան պարոն Արմեն Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը, Գերմանահայ կենտրոնական խորհրդի ներկայացուցիչը, ԳԴՀ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Գայանե Ափինյանը, գրող և հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, Տրիեր քաղաքի եպիսկոպոս Շտեֆան Ակկերմանը: Միջոցառմանը ներկա են եղել ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ակադեմիական ակնառու գործիչներ, մտավորականներ, ինչպես նաև տարբեր կրոնական հոգևոր թևերի ներկայացուցիչներ: Հուշահանդեսին երաժշտական կատարումներով հանդես է եկել «Ապրիլ» քառյակը: Նույն օրը Բեռլինի Ֆրանսիական մայր տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Բեռլինի հայ համայնքի ղեկակարը, Բեռլինի պառլամենտական պալատի նախագահը, ականավոր գիտնականներ: Միջոցառման ընթացքում հնչել են ազգային և կրոնական երաժշտական կատարումներ: Մեկ այլ միջոցառում կազմակերպվել է Բեռլինի Հայ եկեղեցական և մշակութային համայնքի կոմից: Սուրբ Լուիզեն եկեղեցում մատուցվել է պատարագ, որին հետևել է հուշահանդես` ակնառու գիտնականների, կրոնական գործիչների և եկեղեցական երգչախմբերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

No comments: