Wednesday, April 21, 2010

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է

«Լրագիր» 21-4-2010- “Այսօր իրոք շրջադարձային փուլում ենք գտնվում, և փոփոխությունները, ընդ որում ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական և տնտեսական ոլորտներում, անհրաժեշտություն են: Այլապես այս գործընթացները շատ ավելի խորանալու են և մեզ ավելի բարդ իրավիճակում են դնելու: Բայց լուծումը ոչ հեղափոխությունն է, ոչ իշխանափոխությունը, որովհետև մեկին մյուսով փոխարինելը չի լուծելու հիմնարար խնդիրները”, Առավոտ օրաթերթին տված հարցազրույցում ասում է Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը, անդրադառնալով իր նախորդ հարցազույցներից մեկում 1998 թվականի իշխանափոխության օրինակի հիշատակմանը, որպես ներկայում արտաքին քաղաքական բարդ կացությունից ելքի, աննպաստ իրավիճակի փոփոխման տարբերակ: “Հայաստանում երկու լուրջ խնդիր կա` քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Մեկը մյուսին այնքան է շաղկապված, որ առանց մեկի վերացման` հնարավոր չէ մյուսի վերացումը: Այսօր իշխանության բոլոր լծակները մի քաղաքական ուժի ձեռքում են: Դա է, որ պետք է փոխել: Իշխանության ներսում պետք է լինեն հակակշիռներ: Եթե մի ուժ պնդում է, թե եղածը պետք է պարզապես իրենցով փոխարինել, որ իշխանության բոլոր լծակներին ամբողջությամբ տնօրինելով` իրենք նախկիններից ավելի լավը կլինեն, դա հույս չի կարող ներշնչել հասարակությանը: Այդ պատճառով ես հավատում եմ, որ երկրի հիմնարար սխալ քաղաքական համակարգը փոխելու համար անհրաժեշտ է աշխատել իրական լուրջ հակակշիռների մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ: Այդ ճանապարհով ստիպել ցանկացած, ոչ միայն այսօրվա, այլև վաղվա իշխանությանը հաշվի նստել հասարակության հետ”, ասում է Վարդան Օսկանյանը: Վարդան Օսկանյանը ի պատասխան Առավոտի հարցի, անդրադարձել է վերջին հարցազրույցներից հետո իր հասցեին ՀՀԿ ուղղած քննադատություններին եւ այդ համատեքստում իրեն եւ Ռոբերտ Քոչարյանին կապելու խնդրին: “Այսօր արտաքին քաղաքական որորտում իրավիճակն այնքան է փոխվել, որ ինձ զարմացնում է, որ իմ կողմից ցանկացած քննադատության արձագանքն է լինում, թե ես եմ դրա պատասխանատուն: Այսօր ոչ մի նմանություն չկա նախկինում վարվող արտաքին քաղաքականությանը, և այդ առումով` իմ քննադատությունը պետք է որ ավելի քան հասկանալի լիներ: Եթե ոմանք ուզում են իմ միջոցով այլ մարդու քննադատել` պետք է համարձակություն ունենան այդպես էլ անելու: Նրանց մյուս փաստարկն էլ այն է, թե Օսկանյանը ներկայացնում է Քոչարյանի տեսակետը: Այդպես պնդում են կամ նրանք, ովքեր ինձ դատում են իրենցով, ու քանի որ իրենք սեփական կարծիք արտահայտելու ընդունակ չեն` նույնը մտածում են նաև այլոց մասին: Եվ կամ նրանք, ովքեր լավ էլ հասկանում են, որ դա այդպես չէ, բայց քաղաքական շահերից ելնելով` անընդհատ այդ մասին են խոսում: Ես ասում եմ` ինչին հավատում եմ, քննադատում եմ այն, ինչը սխալ է, քանի որ ինձ համար ներկան ու ապագան են կարևոր և ոչ թե անցյալը”, ասում է Վարդան Օսկանյանը:

No comments: