Tuesday, December 21, 2010

ՄՈՀԱՄԵԴ ՌԵՖԱԱԹ ԷԼ ԻՄԱՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՇԱՀԵՐԻ ԽՆԴԻՐ Է

Ադանայի ջարդերով Օսմանյան կայսրությունը փորձում էր հասկանալ միջազգային հանրության արձագանքը
Ալեքսանդրիայի (Եգիպտոս) համալսարանի Դամանհուրի մասնաճյուղի գրականության ֆակուլտետի պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաաթ էլ Իմամը արդի եւ ժամանակակից պատմության մասնագետ է, որ նաեւ հայ-արաբական մշակութային մերձեցմանը նպաստող արաբալեզու «Արեգ» պարբերականի գլխավոր խմբագիրն է: Մի շարք հրապարակումների հեղինակ է, որոնք վերաբերում են Հայկական հարցին, Հայ դատին եւ հայերին Եգիպտոսում: Մոհամեդ Ռեֆաաթը մասնակցում էր նախորդ շաբաթ Երեւանում անցկացված «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» միջազգային գիտաժողովին` ներկայացնելով «1909 թ. Ադանայում տեղի ունեցած հայերի կոտորածների եւ դրա ազդեցությունը Եգիպտոսում» թեմայով զեկույց: Ներկայացնում ենք Մոհամեդ Ռեֆաաթի հարցազրույցը «Ազգին»:

- Պրն Ռեֆաաթ, որպես Հայկական հարցի եւ հայության խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ունեցող պատմաբան, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը հայության եւ հայկական հարցի առնչությամբ:
- Հայկական հարցը ամենադժվարին հարցերից մեկն է Արեւելքում առկա խնդիրներից, հատկապես որ հայկական հարցը միջազգայնացվել է դեռեւս 1878 թ Բեռլինի վեհաժողովի ժամանակ: Հայկական հարցի միջազգայնացման պատճառ դարձավ հենց Օսմանյան կայսրությունում իրականացվող հալածանքը հայերի նկատմամբ: Տարածաշրջանային եւ ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներն օգտվեցին Հայկական հարցից` իրենց շահերի իրագործման համար: Առաջատար պետությունները եւս այս հարցին նայեցին Օսմանյան կայսրության հետ իրենց սեփական շահերի տեսանկյունից: Ուզում եմ ընդգծել, որ Հայկական հարցը կրոնական հիմք չուներ, այլ մշտապես եղել եւ մնում է շահերի խնդիր:

- Ի՞նչ բնութագրական կարելի է տալ հայ-եգիպտական հարաբերություններին:
- Եգիպտոսը ամուր հարաբերություններ ունի Հայաստանի հետ: Խորհրդային Միության փլուզումից հետո Եգիպտոսը երկրորդ արաբական երկիրն էր, Լիբանանից հետո, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը արաբական աշխարհում իր առաջին դեսպանատունը Եգիպտոսում ունեցավ, եւ առաջին դեսպանը պարոն Էդվարդ Նալբանդյանն էր, որը կարեւոր դերակատարություն ունեցավ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման գործում` հիմք դնելով Եգիպտոսի եւ Հայաստանի ամուր հարաբերությանը:

- Ինչպե՞ս կարելի է բնութագրել արաբական աշխարհի դիրքորոշումը Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ:
- Պատմության ընթացքում եւ ներկա ժամանակում հայ-արաբական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, լավ եւ անգամ գերազանց են համարվում: Արաբները կարեւոր դեր խաղացին Հայկական հարցի զարգացման ընթացքում` ընդունելով ջարդերից փրկված հայերին: Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Պաղեստինը, Եգիպտոսն ու Իրաքը ողջունեցին փախստական հայերի ներկայությունը իրենց սեփական հողի վրա: Արաբներն այս կերպ ապահով ապաստան տվին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածներից փրկված, տեղահանված հայերին:
Հարկ է նշել, որ Եգիպտոսի կառավարության դիրքորոշումը հայերի հանդեպ հստակ է առաջնորդ Սաադ Զաղլուլի ժամանակից, երբ հրամայվեց Երուսաղեմից եւ Հունաստանից Եգիպտոս բերել հայ որբ մանուկներին` հնարավորություն ստեղծելով նրանց համար մեծանալու եւ ապրելու եգիպտահայ օջախներում: Եգիպտոսի` հայերի հանդեպ դիրքորոշման մասին է վկայում նաեւ Ժամանակին ձեւավորված հայ համայնքը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ-արաբական հարաբերությունների զարգացման գործում:

- Իսկ ինչպիսի՞ն է արաբական աշխարհի մոտեցումը հենց Հայոց ցեղասպանության ճանաչման առումով:
- Լիբանանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն արաբական մյուս երկրները` Սիրիան, Հորդանանը, Իրաքը, Եգիպտոսը, իրենց օրակարգում չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այն ուղղակի ներկա իրավիճակում չի էլ քննարկվում: Եվրոպական եւ ամերիկյան բոլոր այն երկրներում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ երկրների կառավարությունների որոշման հետեւում կանգնած է եղել հայկական լոբբիինգը: Բացի Լիբանանից, մյուս արաբական պետություններում հայկական լոբբիինգը շատ թույլ է, ուստի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որեւէ կերպ չի մտնում օրակարգ: Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա հայերի եւ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը կարելի է գնահատել նաեւ նրանով, որ Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում գործում է հայագիտության ամբիոն: Եգիպտոսում լույս է տեսնում նաեւ «Արեգ» պարբերականը արաբերենով, որն անդադառնում է հայկական հարցին եւ հայերի կյանքին առանց Եգիպտոսի կառավարության որեւէ միջամտության: 1998 թվականից արաբերենով հրատարակվող «Արեւ» ամսագիրը այս տարվանից լույս է տեսնում «Արեգ» անունով:
Բացի այս ամենը, Ալեքսանդրիայի համալսարանի պատմության ֆակուլտետը միակն է արաբական աշխարհում, որտեղ դասավանդում են «Հայկական հարց» առարկան: Այդ առարկան ներկայացվում է երկու լեզուներով` արաբերեն եւ անգլերեն, եւ դասավանդում եմ ես: Իմ դասախոսական փորձից ասեմ նաեւ, որ կան մագիստրոս եւ ասպիրանտ ուսանողներ, որոնք որպես թեմա ընտրում են Հայկական հարցը, որի առնչությամբ երբեւէ որեւէ առարկություն չի եղել համալսարանի ղեկավարության կողմից կամ Եգիպտոսի կառավարության:

- Գուցե ես սխալվում եմ, բայց քանի որ նշեցիք հայագիտության ամբիոնի մասին, կարո՞ղ եք հստակեցնել, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ ամբիոնը ղեկավարում է ազգությամբ թուրք դասախոս:
- Զեյնաբ Աբու Սինան թուրք գրականության գծով գիտությունների թեկնածու է, որ աշխատում է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ինչպես նաեւ հայագիտության ամբիոնի տնօրենն է` վարչական հարցերով, եւ ոչ մի միջամտություն չունի ամբիոնի դասախոսությունների եւ գիտաժողովների կամ գրքերի հրապարակման հարցերում: Նա Եգիպտոսի քաղաքացի է` թուրքական ծագմամբ: Ի դեպ, տեղեկացնեմ, որ հայագիտության ամբիոնի խորհուրդը որոշում է կայացրել հայոց պատմությունը դասավանդել արաբերենով` 2011-ի մարտից:

- Պրն Ռեֆաաթ, ինչպիսի՞ դերակատարություն ունի ներկայումս արդեն տարիներ շարունակ տպագրվող «Արեգ» պարբերականը, ի՞նչ նպատակի է ծառայում: Ովքե՞ր եւ ի՞նչ նյութեր են հրապարակում պարբերականում:
- «Արեգ» ամսագիրը միակ հանդեսն է արաբական աշխարհում, որը խոսում է Հայկական հարցի մասին բոլոր ժամանակների կտրվածքով` անցյալի, ներկայի եւ ապագայի: «Արեգ»-ը ներկայացնում է Հայաստանի եւ հայերի տեսակետը Հայկական հարցի շուրջը: Հրատարակում է պատմական փաստաթղթեր, որոնք թարգմանվում են արաբերենից, պարսկերենից, անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից: Ըստ էության, այս պարբերականն է, որ հիմնական տեղեկություններ է տարածում հայերի մասին արաբական աշխարհում, եւ որ հատկանշական է` արաբերենով: «Արեւ» եւ ապա «Արեգ» պարբերականների լույս տեսնելուց հետո եգիպտական լրատվամիջոցներում եւ արաբական աշխարհում պատկերը փոխվել ու փոխվում է հայերի ու Հայկական հարցի նկատմամբ` առավել տեղեկացված ու լավ տրամադրված մթնոլորտ ստեղծելով: «Արեգ» ամսագրի գլխավոր խմբագիրը ես եմ, հայերեն նյութերի հարցերով խորհրդական է Պերճ Թերզյանը: Ամսագրի յուրաքանչյուր համարում հրապարակվում է 5-7 հոդված: Հոդվածների համար դիմում ենք կամ պատվիրում լրագրողներին, որոնք աշխատում են այլ լրատվամիջոցներում:

- Դուք մասնակցեցիք «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» միջազգային գիտաժողովին: Ինչպե՞ս կգնահատեք այդ հանդիպման արդյունքը:
- Կոնֆերանսը շատ կարեւոր էր` հյուրընկալելու համար ցեղասպանության հարցով մեծագույն գիտնականների ու մասնագետների: Միջազգային իրավունքի տեսանկյունից բոլոր այն գաղափարները, որոնք հնչեցին գիտաժողովի ժամանակ, լավ էին եւ դրական, բայց անհրաժեշտ է մեխանիզմներ կամ ինստիտուտներ ստեղծել` գործնական արդյունքի հասնելու համար: Դիվանագիտությունը պետք է առավել նախաձեռնող դառնա, առավել շարժուն լինի` աշխատելով միջազգային հանրության հետ: Այդ պարագայում կարելի է ասել, որ գիտաժողովը հասավ նպատակին:
Ինչ վերաբերում է իմ ներկայացրած զեկույցին, որ առնչվում էր 1909 թ. Ադանայի կոտորածներին, ապա այդ իրադարձություններին անդրադառնալը նախ կարեւոր է այն իմաստով, որ իսլամը զերծ է մնում Հայոց ցեղասպանության հարցում պատասխանատվությունից: Մյուս կողմից, Ադանան «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ռասիզմի դրսեւորումների սկիզբն էր: Ադանան «փորձադաշտ» էր` միջազգային հանրության արձագանքը իմանալու համար, մանրանկար էր, թե այդ ամենը ինչպես կարող էր տեղի ունենալ 1915 թվականին: Ուզում եմ առանձնակի հիշատակել, որ Ադանայի կոտորածների ժամանակ Եգիպտոսում մահմեդակաների հոգեւոր կենտրոնը` «Ալ Ազհարը», հանդես էր եկել Ստամբուլում մահմեդակաների հոգեւոր կենտրոնի կոչի դեմ, որը հորդորում էր իսլամի հետեւորդներին` կոտորել Ադանայում ապրող հայերին:

- Առաջին անգա՞մ եք Հայաստանում: Ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել: Եվ քանի որ զբաղվում եք Հայկական հարցի դասախոսությամբ, պատրաստվո՞ւմ եք սովորել հայերեն:
- Սա առաջին այցս է Հայաստան: Ընդհանուր տպավորությունս լավ է, հանգիստ երկիր է, հարմարավետ է այստեղ, մարդկանց դեմքերը հանգիստ են, Երեւանում զբոսնելիս չէի զգում, թե օտար երկրում եմ: Թեեւ հայերը փորձում են մտնել եվրոպական ընտանիք, սակայն իրենց կառուցվածքը, արտաքինը Արեւելքին է պատկանում, ինչը հանգստացնում է ինձ որպես Արեւելքի մարդու:
Հայերեն սովորելու առնչությամբ էլ ասեմ, որ Կահիերի համալսարանի հայագիտության ամբիոնում ուսանողներին հայերեն են սովորեցնում: Ես էլ նրանց հետ արդեն յուրացրել եմ ամենատարրական գիտելիքները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱԶԳ», 21-12-2010 .

No comments: