Monday, April 26, 2010

Թուրքական գրաքննությունը «Եվրոնյուզ»-ում

Ապրիլի 24-ին ինչպես բազմաթիվ այլ համաշխարհային նշանակության լրատվամիջոցներ, համաեվրոպական Euronews հեռուստաընկերությունը ևս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներառել էր օրվա գլխավոր թեմաների ցանկում: Մասնավորապես հեռուստաընկերությունը եթերային տարբերակով բազմաթիվ անգամ շրջանառել է Մեծ եղեռնի հիշատակի օրվա միջոցառումների մասին պատմող հոլովակներ ու ռեպորտաժներ: Իսկ պաշտոնական կայքում Ապրիլի 24-ի թեման թիվ մեկն էր և ողջ օրվա ընթացքում Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ պատրաստված նյութերը զետեղվում էին կայքի գլխավոր էջի վերնամասում: Չնայած թեմային անդրադառնալու ողջունելի նախանձախնդրությանը, այնուամենայնիվ մտահոգիչ էր, որ Euronews-ի նման լրատվամիջոցը, որն ինչ-որ տեղ նույնանում է նաև համաեվրոպական ու համամարդկային կարևորագույն արժեքներից մեկի` խոսքի ազատության հետ, ենթարկվում է պաշտոնական Անկարայի գրաքննությանը: Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին պատմող նյութերում Euronews-ի խմբագիրները դիմել էին տերմինաբանական մանիպուլյացիայի` միևնույն նյութի տարբեր լեզուներով տարբերակներում օգտագործելով տարբեր տերմիններ: Առանց խորանալու նյութերի բովանդակության մեջ, որոնցում ներկայացվում է Երևանում հիշատակի արարողության մասին, ինչպես նաև ապրիլի 24-ին Ստամբուլում մի շարք թուրք մտավորականների կազմակերպած բողոքի ակցիայի մասին, ընդամենն անդրադառնանք Euronews-ի վերնագրերին: Այսպես, օրվա գլխավոր թեման Ծիծեռնակաբերդից ներկայացվող ռեպորտաժն էր: Ռուսերեն տարբերակում, հավանաբար նկատի ունենալով, որ համաեվրոպական հեռուստաընկերության տեղեկատվությունը հայկական լսարանը հիմնականում այդ լեզվով է ստանում, խմբագիրները նյութը վերնագրել էին` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը» (День памяти жертв геноцида армян): Նույն նյութի անգլերեն տարբերակի վերնագրում «ցեղասպանություն» բառն արդեն բացակայում է. «Հայերը հիշում են 1915-ի Օսմանյան ջարդերը» (Armenians remember 1915 Ottoman massacre): Նյութում, իհարկե, հիշատակվել է, որ իրադարձությունը հայերը համարում են ցեղասպանություն, իսկ մի շարք երկրներ էլ ճանաչել են այդ փաստը: Ֆրանսերեն տարբերակում ևս «ցեղասպանություն» բառը բացակայում է: Այստեղ նյութը վերնագրել են «Հայերի ջարդերի հիշատակումը` նաև Թուրքիայում» (Les massacres d’Arméniens commémorés y compris en Turquie): Փոխարենը հենց առաջին նախադասությամբ հիշեցվել է, որ փաստը բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև` Ֆրանսիան, ճանաչել են ցեղասպանություն: Եվրոպայում Euronews-ի սպառողների մեծ մասը` գերմաներենով տեղեկացել են, որ «Հայերն հիշում են Առաջին աշխարհամարտի տարիների իրենց զոհերին» (Armenien gedenkt seiner Opfer im Ersten Weltkrieg): Թե ինչ կապ ունեին առաջին համաշխարհային պատերազմի հետ հայերը, հեռուստաընկերության գերմանական ծառայությունը չի պարզաբանել, փոխարենը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը պետք է ողջ միջազգային հանրությունը ճանաչի: Ծավալով խոշորագույն համայնքներից մյուսը` իտալացիները, նույնպես Euronews-ից հստակ գնահատական չեն լսել. «Երևանում նշում են հայերի օսմանյան ջարդերի հիշատակը» (Yerevan commemora il massacro ottomano degli armeni): Իտալերեն նյութում ևս «ցեղասպանություն» բառն օգտագործվել է միայն ՀՀ նախագահի հայտարարության մեջբերմամբ: Նյութի իսպանական տարբերակը բավականին ուշագրավ է. «Հայերը նշում են «Հայոց ցեղասպանության» զոհերի 94-րդ տարելիցը» (Los armenios recuerdan a las víctimas en el 94 aniversario del “Genocidio Armenio”): Ինչպես տեսնում ենք, այստեղ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն առնված է չակերտների մեջ (չնայած` բուն նյութի մեջ չակերտներ չկան), սակայն միաժամանկ Euronews-ի իսպանական ծառայության խմբագիրները շփոթել են հաշվարկը` 95-ի փոխարեն նշելով 94-րդ տարելիցը: Պորտուգալերենում ևս «ցեղասպանություն» տերմինն օգտագործված չէ. «Երևանում հայերը հիշում են ջարդերի զոհերին» (Arménios recordam mortos do massacre de Yerevan): Սակայն այստեղ ևս նշվում է, որ հայերը պահանջում են ողջ աշխարհից` ճանաչել ցեղասպանությունը: Իսկ ահա Euronews-ի թուրքական ծառայությունն իսկական գրաքննության արդյունք է: Այստեղ` «Երևանում 1915-ի իրադարձությունների հիշատակման միջոցառումներ են կազմակերպվում» (Erivan’da 1915 olaylarını anma törenleri düzenleniyor) նյութի ներքո ընդամենը մեկ տողով տեղեկացվում է, որ Երևանում հիշատակի արարողություն է տեղի ունենում, ապա` նշվում է, որ Վաշինգտոնում հայերը Աթաթուրքին վարկաբեկող նկարներով ակցիա են արել, իսկ Երևանում վառել են Թուրքիայի դրոշը: Որևէ այլ տեղեկատվություն թուրքերեն Euronews-ը չի տրամադրել: Այստեղ խուսափել են անգամ մյուս տարբերակներում առկա տվյալները ներկայացնել (թեկուզև` զուգահեռելով թուրքական ժխտողականության հետ): Հետաքրքիր է, որ Euronews-ի արաբալեզու ծառայությունը ևս ժխտողական կեցվածք է որդեգրել. «Հայերը նշում են օսմանյան զորքերի ձեռքով զոհվածների 95-րդ տարելիցը» (أرمينيا تحيي الذكرى 95 لضحاياها الذين سقطوا على يد القوات العثمانية): Այստեղ վերնագրում տեղի ունեցածի մասին չեն նշել, իսկ բուն նյութում` նշել են «այսպես կոչված ջարդեր»: Նկատենք, որ այս կարգի ինքնագրաքննություն անգամ համաարաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն իրեն թույլ չի տալիս: Մնում է հարց տալ Euronews-ի խմբագիրներին` որքանո՞վ է Ձեր քաղաքականությունը համարժեք Ձեր առաքելությանը: Եթե թուրքական ծառայությամբ պետք է եթեր սփռեք թուրքական քարոզչությունը, ապա ո՞րն է Ձեր և թուրքական պետական հեռուստաընկերության տարբերությունը, և ինչ իմաստ կար թուքալեզու խմբագրություն բացելու մեջ:

No comments: