
Terta.am. 26-4-2010- ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հերթական անգամ ադրբեջանական կողմի տարածած հերյուրանքներին:
«Ամեն գնով ՀՀ պաշտպանության նախարարի հասցեին ադրբեջանական կայքերում զետեղվող ստահոդ լուրերն ու մշտական զրպարտությունները տեղեկատվական դաշտին իրազեկ մարդկանց և փորձագետների ծիծաղն են ընդամենը հարուցում»,- նշված է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
ՊՆ-ի գնահատականով` երբ խոսքը վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքներին, ապա կարիք չկա տրամաբանություն որոնել նրանց «փաստարկներում»: «Այսպես` իրենց համար լիովին արդարացված է, որ երկրի նախագահն ու նախարարը ի լուր աշխարհի «ավետում են» ռազմական ծրագրերի, սպառազինության մասին, որով պատրաստվում են խոցել «ցանկացած նպատակակետ Հայաստանում»: Բայց երբ, բնականաբար, դրան ի պատասխան հնչում է ՀՀ պաշտպանության նախարարի զգուշացումը, ապա, «մոռանալով», թե ինչու է նախարարը հայտարարություն անում, այն որակում են սպառնալիք և սահուն «անցում» անում իրենց իսկ հորինած թեմային`«նախարար Ս. Օհանյանի` Խոջալուի դեպքերին մասնակցությանը»` չմոռանալով կասկածի տակ առնել Հայոց մեծ եղեռնը: Իսկ նման հերյուրանքներ տարածելու համար կայքեր, հին ու նոր, ինչքան ասես ունեն»,- նշում է ՀՀ ՊՆ-ն:
Նախարարությունը «հիշողության «տեղ-տեղ» կորստով տառապող ադրբեջանցիներին» խորհուրդ է տալիս հերթական հոխորտանքից առաջ վերհիշել, որ պատերազմը հենց իրենք են հրահրել ու մինչ օրս «քաղում են» այդ նախաձեռնողականության պտուղները:
«Ռազմական գործողություններով սպառնալը վերստին իրենց նախաձեռնությունն է, և օրինաչափությունը, անշուշտ, կրկին գործելու է ի վնաս նրանց»,- նշված է հաղորդագրությունում:
No comments:
Post a Comment