Thursday, April 29, 2010

ՀՀ նախագահը կհանդիպի Չինաստանի նախագահի հետ

Panorama.am. 29-4-2010- Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք: Այցի ընթացքում ՀՀ Նախագահն առանձնազրույց կունենա ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջազգային այս ցուցահանդեսը տեղի է ունենում տարբեր երկրներում` հինգամյա պարբերականությամբ և ներկայացնում է երկրների նորագույն նվաճումները տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաև ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի տաղավարներ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաև Ձզյանսի նահանգի Սուժոու քաղաքում: Նախագահ Սարգսյանը կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի և արվեստի կենտրոն, նաև` գիտության և կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում: Նախագահ Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա մայիսի 3-ին:

No comments: