Thursday, April 1, 2010

ՇՈԿԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«ԱԶԳ», 01-04-2010- «Շոկային», «զավեշտալի», «անհասկանալի», «հիմարություն», «մեծ կեղծիք» ու էլի նման կարճ մեկնաբանություններով թուրքական մի շարք պարբերականներ իրենց դիրքորոշումն արտահայտեցին թուրք փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանի գործողությունների կապակցությամբ: Նա դիմել է Անկարայի հաշտարար դատարան` պահանջելով, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ճանաչեք հայերի ցեղասպանությունը: Մեղավոր ճանաչեք Թալեաթ փաշային եւ նրա համախոհներին: Թալեաթի անունը կրող փողոցներից ու պուրակներից հանեք այդ անունը»: Այսպիսի ձեւակերպում է փաստաբանը ներկայացրել դատարան` պահանջելով, որ հետաքննություն սկսվի Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանցանքը եւ հանցագործին գովերգելու եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու» հոդվածի հատկանիշներով: «Թուրքիայում առաջին անգամ է նման դատ բացվում: Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ», հայտարարել է նա Haberturk լրատվական կայքին: Լրագրողի հարցին` «Չե՞ք վախենում վտանգավոր հակազդեցությունից», թուրք փաստաբանը պատասխանել է. «Եթե ինձ հետ պետք է մի բան պատահի, ուրեմն դա աստծու կամքն է»: Սակայն սրանով շոկային թերապիան չի ավարտվել: Թուրք պատմաբան Սելիմ Դերինգիլը անդրադարձել է 1890-ականների համիդյան կոտորածներին ու համարձակ արտահայտություններ արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Taraf թերթի լրագրողի «Անատոլիայում երիտթուրքերից առաջ հայերի կոտորածներ եղե՞լ են» հարցին թուրք պատմաբանը դրական պատասխան է տվել. «Այո՛, եղե՛լ է, սակայն սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի տարբերությունն այն է, որ վերջինները նպատակ ունեին ամբողջությամբ վերացնել հայ բնակչությանը, իսկ Աբդուլ Համիդը նման նպատակ չուներ: Նա ցանկանում էր ազատվել որոշակի քանակությամբ հայերից, նվազեցնել նրանց դերը տնտեսության մեջ եւ հայերի փոխարեն ստեղծել մահմեդական բուրժուազիա»: Դերինգիլը նշում է, որ Անատոլիայի քաղաքներում` Օրդու, Թոքաթ, Տրապիզոն, Ամասիա, Ուրֆա, Սիվաս եւ այլն, կոտորածներ են տեղի են ունեցել: Թուրք պատմաբանը փաստել է, որ Թուրքիայում հայերը ցեղասպանություն չեն իրագործել: «Պաշտոնական պատմագրության հաղորդած ապստամբություններն այնքան էլ ճիշտ չեն: Հիմնականում ապստամբություն որպես այդպիսին չի եղել: Ուրֆայում տեղի են ունեցել լուրջ կոտորածներ: Առաջին ամենաընդգրկուն կոտորածը տեղի է ունեցել Դիարբեքիրում 1895թ.: Այնտեղ ահավոր սպանդ տեղի ունեցավ: Այդ ամենն արել են համիդյան ջոկատները եւ բնակչությունը: Սպանդի ընթացքում տեղի են ունեցել թալան եւ բռնաբարություն»: Թե որքան զոհ է եղել այդ տարիներինՙ պատմաբանը ստույգ թիվ չի նշել: Նա մեջբերել է հայոց պատրիարքարանի տվյալները, որ 1894-1897թթ կոտորվել է 300.000 հայ: «Գուցե թիվը խեղաթյուրված է, սակայն իրականություն է, որ Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում զգալի քանակությամբ հայ է կոտորվել: Սակայն ես չեմ կարծում, որ 1895թ. կոտորածը 1915թ. իրադարձությունների փորձարկումն էր: Աբդուլ Համիդի օրոք կոտորած է տեղի ունեցել, սակայն, ի տարբերություն երիտթուրքերի, նախօրոք պլանավորված ծրագիր չի եղել: Երիտթուրքերը ջանքեր են գործադրել 1915-ին ամբողջությամբ վերացնելու հայերին: Համիդի օրոք տարբեր շրջաններ էին ուղարկվում սադրիչներ` մոլլայի հագուստներով, ովքեր ուրբաթօրյա նամազի ընթացքում սադրանքներ էին կազմակերպում եւ հայտարարում, որ հայերը հարձակվել են մահմեդականների վրա: Շատ վայրերում հայերը փոքրամասնություն էին կազմել, հետեւաբար հարց է առաջանում` ինչպե՞ս կարող էին ուրբաթօրյա նամազի ընթացքում հայերը հարձակվել մահմեդականների վրա», եզրափակել է թուրք պատմաբանը:

No comments: