Thursday, April 1, 2010

ԱՊՐԻԼԻ 24-Ի ՆԱԽՕՐԵԻՆ

Սփյուռքին սիրաշահելու թուրքական հուսահատ մարտավարությունը Վերջին շաբաթների ընթացքում թուրքական կառավարությունն իրար ետևից վատ լուրեր էր ստանում: Հայոց ցեղասպանության ժխտման նրա համառ քաղաքականությունը լուրջ անհաջողությունների հանդիպեց, երբ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Շվեդիայի խորհրդարանը, ինչպես նաև Իսպանիայի Կատալոնիայի շրջանային խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր ընդունեցին: Թուրք ժխտողներն ահ ու սարսափի մեջ են Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին պաշտոնական այս ճանաչումներից: Նրանք ավելի մեծ խուճապի են մատնվել, քանի որ Բուլղարիայի, Իսրայելի, Սերբիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանները ևս ապրիլ ամսվա ընթացքում պատրաստվում են նման բանաձևեր դնել քննարկման: Թուրք ղեկավարությունը չարաչար սխալվում էր, կարծելով, որ Հայաստանի հետ վեց ամիս առաջ ստորագրված Արձանագրությունները կկանգնեցնեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացը: Թուրքիան այդ Արձանագրությունները դիտում էր որպես վերջին ճիգª ապագայում ճանաչման նման տարափի դեմն առնելու համար: Նրա խորամանկ ռազմավարությունը գրեթե հաջողության հասավ, քանի որ Ցեղասպանության բանաձևերը և Շվեդիայում, և Միացյալ Նահանգների Կոնգրեսում ընդունվեցին միայն մեկ ձայնի առավելությամբ: Այս բանաձևերի ընդդիմախոսները որպես դեմ քվեարկելու պատճառ հիմնականում նշում էին Հայաստանի և Թուրքիայի 'հաշտեցման գործընթացը': Թուրքական կառավարությունն այս զարգացումներից տագնապած և իր ներքին լուրջ խնդիրներով տարված, թեպետ ուշացումով, մի շարք միջոցառումներ ձեռնարկեց, հույս ունենալով կանխել հետագա պարտությունները Հայոց ցեղասպանության հարցում: Այդ գործողությունները ներառում էին թե կոպիտ, սպառնացող մարտավարություն այն երկրների նկատմամբ, որոնք հանդգնել էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե մեղմ մոտեցում` միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար ցուցադրելով, թե թուրքական կառավարությունը որքան բարյացակամ է հայերի նկատմամբ: Ցեղասպանությունն ընդունած երկրների հանդեպ կիրառվող թուրքական սպառնացող մարտավարության թվում են. Դեսպանների հետկանչը, Ռազմական պայմանագրերի չեղյալ համարելը, և Սպառողական ապրանքները բոյկոտի ենթարկելը: Նախորդ շաբաթ թուրքական իշխանությունները մի նոր հնարք առաջ քաշեցին` սպառնալով հայց ներկայացնել ավելի քան քսան երկրների դեմ, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա թուրքական ղեկավարների կողմից ժամանակ առ ժամանակ կիրառվող բազում հոխորտանքներից մեկն է, որով նրանք փորձում են տարհամոզել այլ երկրների Ցեղասպանության ճանաչման մտադրությունից: Ես անկեղծորեն լիահույս եմ, որ եթե Թուրքիան իրագործի այս սպառնալիքը, դրանով իսկ կնպաստի թուրքական ոճրագործության համաշխարհային հնչեղության բարձրացմանը: Այսպիսի անլուրջ հայցն անմիջապես կմերժվի ցանկացած արդարամիտ, ոչ թուրքական դատարանի կողմից: Թուրքիայի ավելի խորամանկ մարտավարությունը` նուրբ մոտեցումների կիրառմամբ (արևմտյան PR մասնագետների խորհրդով) ներառում է. - Հայկական պատմական մի քանի եկեղեցիների վերանորոգում, մինչդեռ հազարավոր այլ եկեղեցիներ վերածվել են մզկիթների, ախոռների, բնակատեղերի կամ պարզապես ավերվել են: - 'Ազնիվ' ժեստ` Վանա լճի Աղթամար կղզում գտնվող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ կրոնական արարողություն մատուցելու թույլտվություն, սահմանափակ թվով մարդկանց համար և սահմանափակ տևողությամբ` թելադրված թուրքական իշխանությունների կողմից: Այս համաշխարհային ճանաչում ունեցող սրբավայրը պաշտոնապես գրանցված է որպես զբոսաշրջության վայր, և ոչ` որպես եկեղեցի: - Հայաստանից ներգաղթյալների երեխաների` Ստամբուլի հայկական դպրոցներ հաճախելու արգելքի վերանայման հնարավորություն: - Անցյալ շաբաթ կայացած 'ցուցադրական' հանդիպում վարչապետ Էրդողանի և Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի ատենապետի միջև, որին սխալմամբ ներկայացրին որպես Թուրքիայի հայ համայնքի ղեկավար: Դա ավելի շատ նման էր տիրոջ և նրա մոտ կանչված ստրուկի հանդիպման: Այդ հանդիպումից հետո Պետրոս Շիրինօղլուն թուրքական լրատվամիջոցներին պարտադրված ասաց, որ '1915 թվականը' ոչ այլ ինչ է, եթե ոչ վեճ երկու սիրելի եղբայրների միջև` հրահրված ուրիշների կողմից: Նա ասաց, որ իր պապիկը զոհերի թվում էր, սակայն շատ թուրքեր ևս զոհվել են: Շիրինօղլուն մեղադրեց ինքն իրեն և ներողություն խնդրեց Էրդողանից` վերջինիս կողմից 100 հազար հայ ներգաղթյալներին արտաքսելու սպառնալիքի համար, ասելով, որ այդ ուռճացված թիվն իր սխալմունքն է, և ոչ թե` վարչապետի: - Ի վերջո, արտգործնախարար Դավութօղլուն անցյալ շաբաթ հանդես եկավ մի նոր խորամանկ քայլով` նպատակ ունենալով մասնատել սփյուռքահայությանը` ցանկալի հաջողությունների չհասնելով Արձանագրությունների միջոցով Սփյուռքը Հայաստանից պառակտելու իր փորձից: Դավութօղլուն հայտարարեց, որ թուրքական իշխանությունները մտադիր են 'երկխոսություն' նախաձեռնել 'ողջամիտ սփյուռքահայերի' հետ, նկատի ունենալով այն հայերին, ովքեր պատրաստ են ծախել Հայ Դատը իրենց սեփական ես-ի և անձնական շահի համար: Թուրքիայի արտգործնախարարը նշեց, որ կապեր կհսատատվեն հայկական 'մտավորականության, համալսարանների և քաղաքացիական հասարակությունների' հետ: Պարզ է, որ թուրքական իշխանությունները դիմելու են բոլոր հնարավոր միջոցներին, այդ թվում տապալված Արձանագրությունների շարունակ շահարկմանը` Հայոց ցեղասպանության ճանաչումից այլ երկրների տարհամոզելու նպատակով: Ուստի, Հայաստանն ու Սփյուռքը պետք է զգոն ու միասնական լինեն` թուրքական խարդավանքների, գայթակղությունների ու սադրանքների զոհը չդառնալու համար: Հարութ Սասունյան Կալիֆորնիա կուրիեր թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը Ռ.Ավագյանի

No comments: