«Լրագիր» 27-4-2010- Ապրիլի 26-ին եւ 27-ին Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարությունները Երեւանում խորհրդակցություն են անցկացրել, փորձի փոխանակման համար: Այդ տեղեկատվությունը թերեւս այդքան էլ հետաքրքրություն չներկայացներ, եթե չլիներ Կիրգիզիայի նախկին նախագահ Բակիեւի հետ կապված հանգամանքը: Բանն այն է, որ Կիրգիզական հեղափոխությունից կամ այսպես ասած հակահեղափոխությունից հետո, Կիրգիզիայի նախագահը ապաստան գտավ հենց Բելառուսում: Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանի արտգործնախարարությունը կարող էր հետաքրքրվել, թե արդյոք Բելառուսում էլի տեղ կա եւ քանի հոգու համար: Բայց փաստն իհարկե ինքնին հետաքրքիր է, Բակիեւի ֆոնի պարագայում:
Իսկ ընդհանրապես, թերեւս այդպիսի դեպքերում են ասում, ասա ում հետ ես փորձ փոխանակում, ասեմ դու ով ես: Բելառուսը ներկայիս աշխարհակարգում մի երկիր է, որը մեծ հաշվով չի անում ոչինչ, բացի իր աշխարհագրական դիրքից օգտվելուց եւ Ռուսաստանի մեծապետական զգացումների վրա հմտորեն խաղալուց: Լուկաշենկոն մեկ կռվում է Կրեմլի հետ, մեկ մեղա գալիս, մինչեւ որ պոկում է հերթական վարկային տրանշը: Իսկ Կրեմլն էլ մեկ զայրանում է “բատկայի” վրա, մեկ էլ փող տալիս նրան դիմանալու համար, քանի որ հասկանում է, որ հանկարծ “բատկային” եթե ուրիշները պահեն, ապա շատ դժվար կլինի Ռուսաստանի մեծապետական ամբիցիաները պահել, որովհետեւ Բելառուսը դարձել է այդ առումով հոգեբանական ֆորպոստ, եւ եթե ռուսները նույնիսկ ամբողջ աշխարհը գրավեն, բայց Բելառուսը կորցնեն, ապա դա ավելի ազդեցիկ կլինի ռուս ժողովրդի համար, քան աշխարհի գրավումը:
Ահա այդ նուրբ լարի վրա էլ խաղում է “բատկան”: Եվ թերեւս դժվար է ասել, նա իր այդ փորձն է փոխանցում Հայաստանին, թե Հայաստանն իր նախաձեռնողականության փորձն է փոխանցում Բելառուսին, թե ինչպես անել, որ ասենք երկու տարի անց արժանանալ Բարաք Օբամայի ընդունելությանը, միաժամանակ պահպանելով Մեդվեդեւին հանդիպելու հնարավորությունը:
Wednesday, April 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment