Wednesday, April 28, 2010

ՈՐԸ ԿԼԻՆԵՐ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

«Լրագիր» 28-4-2010- Հայաստանի “նախաձեռնողական եւ ակտիվ” արտաքին քաղաքականությունը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրեց որպես նախկին քաղաքականության սխալները չշարունակելու եւ դրանք ուղղելու մոտեցում: Իրականում, սակայն, Հայաստանի արտաքին քաղաքականության բուն սխալները եղել են, կան ու մնում են, եւ դժբախտաբար կարծես թե շարունակելու են մնալ ներքին կյանքում: Բանն այն է, որ արտաքին քաղաքականության հիմնական ռեսուրսները միայն դիվանագիտական մտավոր հմտությունները չեն: Դրանք ոչինչ են, եթե պետությունը չունի համարժեք ներուժ ներքին կյանքում քաղաքացիական, իրավական, տնտեսական, քաղաքական , մշակութային ոլորտներում: Օրինակ, ոչ թե ամերիկյան հզոր արտաքին քաղաքականությունն է հանգեցրել պետության հզորության, այլ պետության հզորությունն է ստեղծել արտաքին հզոր քաղաքականություն վարելու նախադրյալներ: Հայաստանն այժմ չունի այդ նախադրյալները: Հայաստանի “նախաձեռնողականությունը” պայմանավորված է բացառապես ներքին սնանկությամբ: Իշխանությունը “նախաձեռողականությամբ” ոչ թե ուղղում է նախորդ տասնամյակի արտաքին քաղաքականության սխալները, այլ պարզապես դրանով հատուցում է ներքին սխալների շարունակության համար, կամ վճարում է այդ ներքին սխալները շարունակելու միջազգային իրավունք ձեռք բերելու, կամ նախորդ տարիների իշխանության ձեռք բերածը պահպանելու համար: Հետեւաբար, այսօր թերեւս մեծ հաշվով անիմաստ է խոսել ներկայի կամ նախկինի արտաքին սխալների մասին, կոչ անել հետ քաշվել, առաջ գնալ, կամ մի քիչ կռանալ, կամ այդօրինակ այլ բաներ: Անելիքն այսօր երկրի ներսում է: Եթե երկրի ներսում կատարվեն առարկայական, իրական, էական եւ արագ քայլեր սահմանադրականության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանության մակարդակը կտրուկ բարձրացնելու, քաղաքացիական, տնտեսական, քաղաքական ազատությունները երաշխավորելու ուղղությամբ, ապա դրանից հետո իմաստ կունենա քննարկել արտաքին ոլորտում անելիքի հնարավոր տարբերակներ: Եթե ոչ, Հայաստանը, անկախ իշխանության ցանկությունից կամ նվիրվածությունից, շարունակելու է շարժվել այնպես, ինչպես կպահանջի գերտերությունների շահը, ընդամենը փորձելով մանեւրել նրանց շահերի արանքում եւ հնարավորինս քիչ բարկացնել կամ նեղացնել նրանց: Դա ամենեւին չի նշանակում, որ գերտերությունների ասածի դեմ “խաղ չկա”, որ կան հենց սկզբից մշակված աշխարհաքաղաքական ծրագրեր, որոնք իրականացվում են ամեն գնով եւ իմաստ չունի դրանց ընդդիմանալ, եթե չեն բխում քո շահից: Ամենեւին: Աշխարհակարգը քմահաճույքների կամ կամակորության վրա չէ, որ հիմնված է: Աշխարհակարգը հիմնված է փոխադարձ բացատրությունների եւ ընկալումների վրա: Բայց, պատկերացնենք մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունը փորձում է որեւէ գերտերության բացատրել, որ այսինչ բանը չի կարող անել, որովհետեւ դա չի բխում իր պետության շահից: Իսկ ինչ է պետությունը: Պետությունը քաղաքացին է, ոչ թե ասենք լեռներն ու գետերը, սառնորակ ջուրը կամ էլիտար շենքերն ու սրճարանները: Այսինքն, Հայաստանի իշխանությունը պետք է որեւէ գերտերության բացատրի, որ այսինչ բանը, որ գերտերությունը պահանջում է` ելնելով սեփական շահից, ինքը չի կարող անել, որովհետեւ դա չի բխում իր, այսինքն Հայաստանի քաղաքացու շահից: “Դա սովետական օրենքներին դեմ է”, գոչում էր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը անծանոթ վրիժառուի առաջ ծնկած: “Իսկ դու սովետական օրենքներո՞վ էիր գողանում”, հարցնում է նրան անծանոթ վրիժառուն: Չէ որ նույն գերտերությունը կփորձի խնդիրը հասկանալ ամբողջությամբ, եւ կհարցնի` իսկ ընտրություն կեղծելը, դրա շնորհիվ բացարձակ իշխանություն ձեւավորելը, խաղաղ ցուցարարների վրա հարձակվելը, նրանց ծեծելը, սպանելը, ընդդիմության լիդերներին ու ակտիվիստներին հետապնդելն ու բանտ նստեցնելը, հեռուստաընկերությունները իշխանական տոտալ հսկողության տակ առնելը, տնտեսական ոլորտները քվոտավորելն ու կլանավորելը, իշխանությունը անձնական բիզնեսների զարգացմանը, անձնական սեփականության պաշտպանությանը ծառայեցնելը, մենաշնորհների միջոցով քաղաքացիների գրպանի հաշվին գերշահույթներ ստանալն արդյոք բխում է պետության, այսինքն քաղաքացու շահից: Ի՞նչ է պատասխանելու դրան Հայաստանի իշխանությունը: “Կներեք, բայց մենք չենք կարծում, որ Ձեզ մոտ ճիշտ են ձեր պետության, այսինքն քաղաքացիների շահի մասին պատկերացումները”, թերեւս կասի գերտերությունը եւ խորհուրդ կտա իշխանությանը “վերանայել” պետության` քաղաքացու շահի մասին արտաքին պատկերացումներն ու դրանք “ներդաշնակել” պետության` քաղաքացու շահի մասին ունեցած իշխանական ներքին պատկերացումներին: Իհարկե, հնարավոր է տարբերակ, որ իշխանության մոտ պետության` քաղաքացու շահի մասին իր այդ արտաքին ու ներքին պատկերացումները ներդաշնակ են հենց սկզբից էլ, առանց գերտերության “խորհրդի”: Բայց, երբ երկրում ներքին սոցիալ-տնտեսական, բարոյա-քաղաքական վիճակն այնպիսին է, ինչպիսին այժմ Հայաստանում, ապա դա արդեն մեծ հաշվով չունի էական նշանակություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: