Thursday, April 29, 2010

Եթե արձանագրությունները նորից քննարկվեն, ապա քննարկվելու են նույն տեսքով. ՀՀԿ

Panorama.am. 29-4-2010- Այսօր մամուլի ակումբներից մեկի բանավեճին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Թուրքիային բնութագրեց որպես «կարելի բանակցող», քանի որ վերջինս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից պաշտոնապես չի հրաժարվել: Իսկ երբ նրանք գործընթացից հրաժարման մասին հայտարարեն, ապա նրանք, ըստ պատգամավորի, կբնութագրվեն որպես «անկարելի բանակցողներ», ինչպես ժամանակին Թուրքիային բնութագրել էր Կիպրոսի նախագահը: Իշխանական պատգամավորի խոսքով, այդ պարագայում պարզ կդառնա` հայկական կողմը հե՞տ է վերցնում ատորագրությունները, թե՞ ոչ: Բանավեճին հրավիրված մյուս հյուրը` Դաշնակցական Արա Նռանյանը, հակառակը, կարծիք հայտնեց, որ հայկական կողմն անհապաղ պետք է հետ վերցնի ստորագրությունները արձանագրություններից: Դաշնակցականի համոզմամբ, արձանագրություններում իրենց նկատած վտանգները չեն չեզոքացել` կան նախապայմաններ և դրանք վտանգում են Հայաստանի անվտանգությանը: «Թեև իշխանությունները հենց սկզբից մերժում էին, որ գոյություն ունեն նախապայմաններ արձանագրություններում, բայց հիմա նրանք էլ համոզվեցին, որ այդ վտանգներն առկա են: Չեք վավերացնում, որովհետև տեսնում եք դրանցից եկող վտանգը», -դիմելով Ավետիսյանին` նշեց Դաշնակցականը: Սուքիասյանն էլ, որպես պատասխան, կրկնեց բազմիցս արված իրենց հայտարարությունները, որ արձանագրություններում նախապայմաններ չկան ու հայկական կողմն իր` արձանագրությունները կասեցնելու մասին հայտարարությամբ Թուրքիային հասկացրեց, որ Հայաստանը այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում որեւէ զիջման չի գնալու: «Այս ամենով հանդերձ հայ-թուրքական գործընթացի դադարեցումը պայմանավորված չէ թուրքական կողմից առաջ քաշված նախապայմաններով. դրանց կասեցման պատճառը ողջամիտ ժամկետների ավարտն է»,- հավելեց իշխանական խորհրդարանականը: Ինչ վերաբերում է Նռանյանի դիտարկմանը, թե Հայաստանը չվավերացրեց արձանագրությունները, որովհետև զգաց դրանցից եկող վտանգները, Սուքիասյանը պատասխանեց. «Եթե հայ-թուրքական արձանագրությունները նորից քննարկվեն, ապա քննարկվելու են նույն տեսքով: Վտանգներ չկան»:

No comments: