Tuesday, April 27, 2010

Հունաստանում կառավարական մակարդակով հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Panorama.am.27-4-2010- Ապրիլյան վերջին շաբաթն այս տարի Հունաստանում նշանավորվել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված մի շարք միջոցառումներով և ոգեկոչման արարողություններով: Դեռևս 1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը միաձայն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հայտարարել Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր: Խորհրդարանի այս որոշմանը հաջորդած նախագահական հրովարտակի համաձայն, այդուհետ, ամեն տարի ապրիլքսանչորսյան ձեռնարկներն ու միջոցառումներն անցկացվում են Հունաստանի կառավարության հովանու ներքո և կազմակերպվում նրա կողմից Հունաստանի հայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ: Կենտրոնական քաղաքական ձեռնարկն այս տարի ևս, օրենքի ուժով և ավանդույթի համաձայն, կազմակերպել էր Հունաստանի կառավարությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այն կայացել է Աթենքի «Ատտիկոն» սրահի բազմամարդ դահլիճում, որտեղ հավաքվել էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, նահանգային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հայ համայնքային կառույցների ատենապետներ և անդամներ, հույն հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Հանդիսավոր նիստը նախագահում էր հունահայ համայնքային շրջանակների ներկայացուցիչ Պետրոս Գասարջյանը, հիմնական բանախոսն էր Հունաստանի խորհրդարանի անդամ, խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը: Ելույթ ունեցան Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Գրիգորիս Նիոտիսը, Հունաստանի կառավարության, Աթենքի նահանգապետարանի, հունական քաղաքական կուսակցությունների ղեկավարները և ներկայացուցիչները, ընթերցվեց նաև Հունաստանի հայ երիտասարդության ուղերձը: Հանդիսավոր նիստում ելույթով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը: Նշելով, որ օրվա ձեռնարկի գլխավոր բանախոսը` Ապոստոլոս Կակլամանիսը, 1996թ գլխավորել է Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչած և ապրիլի 24-ը Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր հայտարարած Հունաստանի խորհրդարանը, նա հայ ժողովրդի մեծ բարեկամին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալը և պարգևատրման վկայագիրը` ևս մեկ անգամ ևս արտահայտելով Հայաստանի ու հայության երախտագիտությունը, ի դեմս Ապոստոլոս Կակլամանիսի` բարեկամ հույն ժողովրդին, Հունաստանի խորհրդարանին և կառավարությանը: Ձեռնարկին հաջորդել է բազմամարդ քայլերթ դեպի Հունաստանի մայրաքաղաքի կենտրոնական Սինտագմա հրապարակ, որտեղ Հունաստանի կառավարության, Հայաստանի Հանրապետության դեսպանության և հունահայ համայնքի կողմից ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի հուշարձանին: Ապա զինվորական նվագախումբը հնչեցրել է Հունաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրհներգերը:

No comments: