Tuesday, April 20, 2010

Պատերազմի դեպքում կաջակցի՞ արդյոք Անկարան Բաքվին. Դավութօղլուն խուսափում է պատասխանից

Tert.am. 20-4-2010- Երեկ ավարտվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մեկօրյա այցը Ադրբեջան: Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների առանցքային հարցերն են եղել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացները: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն Ալիևին իրազեկել է Միացյալ Նահանգներում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած երկկողմ հանդիպումների մանրամասների մասին: Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ` Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի նպատակն է, որպեսզի Հարավային Կովկասում բոլոր սահմանները բաց լինեն: «Մենք հուսով ենք, որ Հարավային Կովկասում կսկսվի նոր շրջան, որի ընթացքում բաց կլինեն բոլոր սահմանները, կարգավորված կլինեն հարաբերությունները, ձևավորված կլինի փոխադարձ վստահություն և կայունություն: Հուսով ենք, որ Մինսկի խմբի նախաձեռնություններով [ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման] գործընթացը կարագանա և կհասնի իր վերջնական նպատակակետին»,- հայտարարել է Դավութօղլուն: Թուրքական Radikal օրաթերթը, վկայակոչելով Anadolu և Reuters գործակալությունները, գրում է, որ Դավութօղլուին Բաքվում լրագրողներից մեկը հարցրել է, թե «արդյո՞ք պատերազմի վերսկսման դեպքում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին»: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, խուսափելով այդ հարցին ուղիղ պատասխանելուց, հայտարարել է. «Մենք չենք ուզում, որ տարածաշրջանում իրավիճակն ավելի լարվի: Եկեք միասին կառուցենք անվտանգ մի Կովկաս, որտեղ բոլորը փոխադարձաբար կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը»: Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Մադրիդյան սկզբունքներին` նշելով. «Մադրիդյան սկզբունքները մեծ հնարավորություններ են ընձեռում։ Բոլորը պետք է գնահատեն դա: Բոլորը պետք է ջանքեր գործադրեն այդ սկզբունքների հիման վրա տևական կարգավորում ապահովելու համար»,- ասել է Դավութօղլուն: Իսկ ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իր հերթին, ընդգծելով, որ առայժմ վաղ է խոսել ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի մասին, հայտարարել է. «Մեզ համար կարևորը Թուրքիայի աջակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերակենդանացումն է»: Մամեդյարովն անդրադարձել է նաև Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի` Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկին: «Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասում հնարավորինս շուտ հաստատվի խաղաղություն և կայունություն: Կարևոր են նաև խաղաղության և կայունության հասնելու ուղիները: Իրանը տարածաշրջանային երկիր է, և նրա համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում»։

No comments: