Tuesday, April 20, 2010

ՎԱՇԻՆԳՏՈՆ ԱՅՑԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

«Լրագիր» 20-4-2010- Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցը ապրիլի 20-ին Դե ֆակտո ակումբում գնահատել է Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Այցը նա առանձնացրել է տարբեր հատվածների, եւ առաջինն ընդգծել է այն, որ Հայաստանը մասնակից է դառնում նաեւ գլոբալ քաղաքական պրոցեսներին: “Այլ կերպ ասած, համաժողովին մասնակցությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի է ակտիվանում գլոբալ քաղաքական գործընթացներում”, ասում է Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, ՕԵԿ համոզմամբ, Հայաստանը պետք է էլ ավելի մեծացնի իր մասնակցությունն այդօրինակ գործընթացներում, ինչը կարեւոր է նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման առումով: “Եվս մի կարեւոր ուղղություն եւ բաղկացուցիչ` դա ցեղասպանության խնդիրն է: Սա կարեւոր է մեզ համար եւ արժեքային նշանակություն ունի: Օրինաց երկիր կուսակցությունը մշտապես ասել է, որ մենք կողմնակից ենք երկխոսություններին, բանակցություններին, բայց երբեք` մեր արժեքների, մեր արժեքային տեսլականների հաշվին: Այսինքն, բանակցություններ, երկխոսություն, սակայն ոչ ցեղասպանության ճանաչման հաշվին, բանակցություն, երկխոսություն, սակայն` ոչ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հաշվին: Եվ ահա այս այցելությունը կարծում եմ եւս մեկ կարեւոր քայլ է, կարեւորագույն իմպուլս է ցեղասպանության ճանաչման ճանապարհին”, ասում է ՕԵԿ փոխնախագահն ու ավելացնում, թե իրենց համոզմամբ, ցեղասպանության ճանաչման գործընթացն ապրում է եւ ապրելու է, որովհետեւ այն հիմնվում է համամարդկային արժեքների վրա: Մհեր Շահգելդյանը համարում է, որ Վշինգտոնյան այցի երրորդ կարեւոր բաղկացուցիչը հայ-թուրքական բանակցությունն է: “Սա եւս մեկ իմպուլս տվեց այս գործընթացին: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս նախագահի, հստակորեն ներկայացրեց իր մոտեցումները եւ շատ կարեւոր է”, ասում է Մհեր Շահգելդյանը, մատնանշելով նաեւ թուրք պաշտոնյաների հակասական հայտարարությունները: “Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների մոտ, այսինքն քաղաքական որոշումներ ընդունողների մոտ դուք երբեք չեք տեսնի երկակիություն: Այստեղ մոտեցումները հստակ են եւ ներկայացվում են միջազգային հանրությանը”, ասում է Մհեր Շահգելդյանը: Հաջորդ պարագան, ըստ նրա, Սփյուռքի հետ գործակցությունն է, որի առումով էլ Վաշինգտոն այցը գրանցել է կարեւոր առաջընթաց: “Այս այցելության ընթացքում նաեւ դրական, պլյուսներ մենք ստացանք նաեւ հայրենիք-սփյուռք հարաբերություններում, եւ մենք պետք է հաշվի առնենք նաեւ հետեւյալ խնդիրը, որ հայ-ամերիկյան հարաբերության զարգացումը նաեւ հզորացնում է ԱՄՆ մեր սփյուռքի կազմակերպություններին”, ասում է Մհեր Շահգեդլյանը: Իսկ հայ-ամերիկյան հարաբերությունը հինգերորդ բաղադրիչն է, որ նշում է Մհեր Շահգելդյանը, խոսելով Վաշինգտոն կատարած այցի մասին: “Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործընթացի աջակցությունը, եւ նաեւ այս հարաբերությունների տարբեր փուլերն ամրապնդում են բարեկամական, գործընկերային կապերը, ինչը եւ շատ կարեւոր է”, ասում է Մհեր Շահգելդյանը, ամփոփելով Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը: ՕԵԿ-Ը ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՓԱԿՈՒՂԻ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ապրիլի 20-ին հայտարարել է, թե չի կարծում, որ հայ-թուրքական գործընթացը մտել է փակուղի: “Ըստ էության մենք տեսնում ենք գործընթացի շարունակություն եւ զարգացում: Բնականաբար, խոսքը հետեւյալին է վերաբերում` եթե գործընթաց է, այն մեկ օրվա չէ: Եվ այս տեսանկյունից պետք է հասկանանք եւ տեսնենք, որ մենք ճանապարհ ենք անցնում, անցնում ենք բանակցային, դիվանագիտական, տարածաշրջանային ճանապարհ, եւ այդ ճանապարհը ունենալու է իր փուլերը, իր տրամաբանությունները”, ասում է Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, պետք է հստակ լինեն թուրքական կողմի մոտեցումները, որ կարողանանք տեսնել զարգացում: “Սակայն եւս մեկ անգամ ասեմ, որ այս տեսանկյունից մենք, երկիրը գնում է հաստատակամորեն եւ հստակ”, ասում է Մհեր Շահգելդյանը: Նա ասում է, որ ՕԵԿ կարծիքով կա գործընթացի զարգացում: “Խնդիրը հետեւյալի մեջ է, որ որոշակի պատկերացումներ գործընթացի ավարտի վերաբերյալ կան եւ ձեւավորվում են: Միաժամանակ, ես նորից եմ ուզում ասել, որ դիրքորոշումները մեր հստակ են, այսինքն, առանց նախապայմանների, Հայաստանի հանրապետությունն ասում է առանց նախապայմանների, այն մոտեցումները, որոնց վերաբերյալ արդեն ձեռք են բերել պայմանավորվածությունները եւ արձանագրությունների շրջանակներում գործընթացը ընթանում է առաջ, եւ մենք կողմնակից ենք ահա այսպիսիմոտեցումների: Այսօր ընդհակառակը, թուրքական կողմի տեսակետների մեջ ինչ որ տարբերություններ կան, իշխող քաղաքական ուժի ներսում տարբեր հայտարարություններ են լինում: Այսինքն խնդիրը այնտեղ է, մեր կարծիքով”, ասում է Մհեր Շահգելդյանը: Հարցին, թե ի վերջո երբ կտեսնենք սահմանի բացում, Մհեր Շահգելդյանը պատասխանում է, թե դա կերեւա գործընթացի զարգացումից եւ շատ բան պայմանավորված է թուրքական կողմի մոտեցումից: “Եթե դուք կոնկրետ ամսաթիվ եք ուզում, այսօր բնականաբար ամսաթիվ ասել դժվար կլինի, սակայն զարգացման հետ միասին, այս սկզբունքների շրջանակներում”, ասում է Մհեր Շահգելդյանը: Նա նշում է, թե թուրքական մոտեցումների առումով պետք է հաշվի առնել այն, որ Թուրքիայում սպասվում են համապետական ընտրություններ: “Երկրորդ կարեւոր խնդիրը այն է, որ գործընթացը ընթացքի մեջ է, վավերացման եւ նաեւ թուրքական կողմը պատկերացնում է, որ եթե ինքը նախապայմաններով կամ ուրիշ խնդիրներով գործընթացը դանդաղեցնի կամ հիմնախնդիրներ ստեղծի, ապա այս տեսանկյունից իր գլխավորագույն դաշնակից Միացյալ Նահանգներում սա չի ընկալվելու”, ասում է Մհեր Շահգելդյանը:

No comments: