Wednesday, April 14, 2010

Տարօրինակ է «Hurriyet»-ը, տարօրինակ է Էլհան Պոլուխովը

Panorama.am. 13-4-2010- Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) օրաթերթը` Թուրքիայի տպագիր մամուլի առաջատարներից մեկը լինելուց բացի, հեղինակավոր է նաև որպես համացանցային լրատվամիջոց: Թերթի էլեկտրոնային կայքը նախօրեին հնարավորինս օպերատիվորեն լուսաբանում էր Վաշինգտնում կայացած Սարգսյան-Էրդողան հանդիպումը: Panorama.am-ը հընթացս անդրադարձել է այդ հրապարակումներին: (Տես` Hurriyet. Արձանագրությունների վավերացման գործընթացին արագություն հաղորդելու միտում կա ) «Hurriyet»-ում թեմայի առնչությամբ հաջորդաբար հրապարակվող նոր տեղեկություններն ազդարարում էին այն մասին, որ ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպմանը քննարկվել է արձանագրությունների վավերցման հարցը, ինչպես նաև` օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնված` Էրդողանի հատուկ նամակը: Իսկ հանդիպման ավարտին Թուրքիայի վարչապետի մամուլի քարտուղար Քեմալ Օզթուրքը, դարձյալ ըստ «Hurriyet»-ի, հանդես եկավ հայտարարությամբ, որ երկու երկրների առաջնորդները որոշում են ընդունել շարունակել արձանագրությունների վավերացման գործընթացը և այդ նպատակով համատեղ աշխատանքի են կոչվել Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Ավելին` պաշտոնական լրահոսը ներկայացնելիս` թուրքական հիշյալ կայքը լուսաբանել է նաև ՀՀ նախագահի` հանդիպումից հետո արած հայտարարությունն այն երեք հիմնական նկատառումների մասին, որոնք Սերժ Սարգսյանը ներկայացրել է Էրդողանին: Եվ ահա «Hurriyet»-ը գրում է. «Հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով Սփյուռքի ներկայացուցիչներին, ասել է. «Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ մեր անփոփոխ դիրքորոշումը հետևյալ երեք հարցերում. առաջին` Թուրքիան չի կարող Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի հետ նախապայմանների լեզվով խոսել, երկրորդ` որևէ ձևաչափով 1915 թ. Ցեղասպանության հարցը քննարկման ենթակա չի լինելու: Երրորդ, որը մեր կարևոր սկզբունքն է, Թուրքիան չի կարող ղարաբաղյան հարցի լուծման գործում դրական դերակատարություն կամ միջնորդություն ունենալ»: Ընդհանուր առմամբ, ահա այս էր «Hurriyet»-ի հրապարակումների բովանդակային առանցքը Սարգսյան-Էրդողան հանդիպմանն առնչվող հրապարակումների համատեքստում: Ինչպես նկատվեց, Ղարաբաղի մասին ոչ մի անդրադարձ չկար` ո'չ հպանցիկ, ո'չ էլ` դիմահար: Ընդգծենք, որ թուրքական լրատվական կայքերից ոչ մեկը վաշինգտոնյան հանդիպմանն անդրադառնալիս չի նշել, որ երկկողմ քննարկումների ընթացքում ղարաբաղյան հարց է քննարկվել: Դա, անկեղծ ասած, նույնիսկ տարակուսանք առաջացրեց, թե ինչպես է, որ թուրքական լրատվամիջոցները գոնե ադրբեջանական լսարանի համար (ինչը հաճախ է պատահում) չեն տարածում ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող որևէ տեղեկություն հայ-թուրքական թեմայի համապատկերում: Բայց այդ ձեռագրի փոփոխությունը երկար չտևեց: Փոխվեց ամսաթիվը, փոխվեց նաև նախօրեին թողարկված ինֆորմացիայի ծավալը և բովանդակությունը, քանի որ ապրիլ 12 թվագրված ու Սարգսյան-Էրդողան հանդիպմանն առնչվող «Hurriyet»-ի նյութերից մեկում ավելացվել է մի պարբերություն, ըստ որի, Էրդողանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը պնդել է, թե Անկարան շարունակելու է պաշտպանել ղարաբաղյան հարցում Բաքվի տեսակետը: Իբրև թե նույն պաթոսով Էրդողանը պնդել է, թե «օկուպացված» Ղարաբաղից հայկական զինուժը հետքաշման հարցում իրենք սպասում են ստույգ քայլերի: Համացանցային այս դավադրությունը մեծ խանդավառություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն էլ գողեգող մատուցված այդ տեղեկությունից աննկարագրելիորեն հրճվել է ու փորձել մեկնաբանել: Տարօրինակ է հետևյալը, ինչու Պոլուխովը այդ մասին խոսում այսօր կեսօրին, եթե այդ տեղեկությունը թողարկվել էր երեկ: Տրամաբանական է, որ հենց երեկ էլ պետք է լույսի արագությամբ Ղարաբաղի մասին Էրդողանի «հերոսական պնդումները» տարածվեին ադրբեջանական ցանցային լրատվամիջոցներով, երբ բոլորի ուշադրության կենտրոնում էր Սարգսյան-Էրդողան հանդիպումն էր: Ազերի եղբայրներին առնչվող այդպիսի ավետաբեր լուր, եթե իսկապես լիներ, ապա հազիվ թե միայն «Hurriyet»-ը դրան անդրադառնար: Էլ չասենք, որ բազմաթիվ ադրբեջանամետ թուրքական կայքեր կան, որոնք ուղղակի կաղաղակեին այդ մասին ու հերթ չէին տա «Hurriyet»-ին, կամ գոնե նրանից կարտատպեին այդ տեղեկությունը դեռ երեկ: Տարօրինակ է: Տարօրինակ է նաև այն, թե արդյոք Բաքվում չեն նկատել այդ տարօրինակությունը: Ըստ ամենայնի` ոչ: Ի դեպ` թուրքական «Sabah» թերթն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, նշել է, որ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան զերծ մնա կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապող հայտարարություններ հնչեցնելուց: Էրդողանն էլ իր հերթին ընդգծելով, որ նման կապ չի ստեղծվել, հղել է հետևյալ ուղերձը. «Մեր նպատակը տարածաշրջանի կայունությունն է: Արձանագրությունները, նույնիսկ դեռ առանց վավերցավելու, արդեն ցույց են տվել իրենց ազդեցությունը: Մինսկյան գործընթացի շրջանակներում ապահովվել է առաջընթաց»:

No comments: