Saturday, May 15, 2010

«Ջավախքում մեսխեթցիների բնակեցումը Վրաստանի անվտանգության հարց է»

Aysor.am.15-5-2010- Վրաստանի իշխանությունների կողմից որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվել այդ երկրում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի և հայերենին` Ջավախքի երկրամասի երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Վիրահայոց միասնություն» ՀԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Նշելով, որ հայկական եկեղեցիների հարցը բազմիցս է քննարկվել հայ-վրացական պաշտոնական հանդիպումների ժամանակ, նա հույս հայտնեց, որ էական արդյունքներ կարող են լինել Ամենայն հայոց կաթողիկոսի` Վրաստան այս տարի սպասվող այցից հետո: Ըստ բանախոսի, առկա են նաև Հայաստանից Ջավախք հայալեզու գրականության ներմուծման խնդիրներ, որոնք երբեմն լուծվում են կրթության նախարարությունների մակարդակով: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Ջավախքում նորից մեծ թափով թուրք մեսխեթցիներ և սվաններ են բնակեցվում, Տ.Վարդապետյանն ասաց, որ «դա իմիտացիա է»: «Դա միշտ մտահոգում է բոլոր ջավախքցիներին, բայց այս պահին դա այդքան էլ իրական չէ: Երևի թե այդ հարցն ավելի շատ պետք է մտահոգի վրացիներին, քանի որ թուրք-մեսխեթցիների նախկին բնակության տարածքի 90 տոկոսը այսօր վրացիներով է յուրացված: Այսինքն` սա նաև Վրաստանի ազգային անվտանգությանը սպառնացող գործընթաց է, և պետք է այդ քայլի ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:

No comments: