Thursday, September 27, 2012

Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում անակնկալ հանդիպում է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ

1in.am. 27-9-2012- TRT Haber-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, ինչը թուրքական լրատվամիջոցը ներկայացրել է որպես անակնկալ հանդիպում, քանի որ այն նախատեսված չի եղել Դավութօղլուի նյույորքյան հանդիպումների ծրագրում: Հանդիպման ժամանակ երկկողմանի հարաբերություններից բացի` կողմերը քննարկել են Սիրիայի, Եգիպտոսի, Աֆղանստանի, Պակիստանի, Սուդանի հարցերը և ընդհանրապես` իսլամական աշխարհի վերջին զարգացումները: Դավութօղլուն Սիրիայում արյունահեղության դադարեցման հարցում կարևորել է Իրանի ազդեցության գործոնը: Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում «Արաբական գարնան» սկսվելուց հետո Թուրքիան «մշտապես գտնվել է» Սիրիայի ժողովրդի կողքին: Ահմադինեժադը նույնպես կարևորել է Սիրիայում արյունահեղության դադարեցումը՝ ընդգծելով, որ Իրանը շարունակելու է ջանքեր գործադրել տվյալ ուղղությամբ: Հանդիպման ժամանակ կողմերը մեծապես կարևորել են թուրք-իրանական համագործակցությունը, նաև` ահաբեկչության դեմ պայքարում:

No comments: