Tuesday, May 25, 2010

ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ԻՍԿԱԿԱՆ ՏԵՐԵՐԸ

«Լրագիր» 25-5-2010- «Շատ երկար շնչառություն ունենք, նաև մի հաղթաթուղթ ևս. նոր սերնդի գիտակցության մեջ արմատավորվում է քաղաքացիական դիրքորոշում և այն արտահայտելու պատրաստակամություն», այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին «Մենք ենք մեր քաղաքի տերը» բաց նախաձեռնության ակտիվիստները: Դեռ մեկ ամիս առաջ ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունն արդեն 3200 անդամ ունի. նրանց նպատակն է փրկել քաղաքային մշակույթի բաղադրիչ հանդիսացող երևանյան այգիները: Խմբի անդամներն այսօր պայքարում են Ուսանողական այգու կառուցապատման դեմ: «Ու թեև մենք հանդիպել ենք Երևանի քաղաքապետի հետ, ով ևս ընդգծեց հանրային կանաչի պահպանման անհրաժեշտության փաստն` ի օգուտ երևանցիների, այդուհանդերձ տարածքի կառուցապատումը շարունակվում է», ասաց քաղաքացիական խմբի անդամ Արթուր Ավթանդիլյանը: Ակտիվիստները նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին և Երևանի քաղաքապետին` կից ներկայացնելով շուրջ 19.670 քաղաքացիների ստորագրությունները: Դրանով երևանցիները իրենց «ոչ»-ն են ասել այգու բետոնապատմանը: «Այգում կառուցվող երկու գետնափոր զվարճանքի օբյեկտները հակասում են քաղաքաշինական, բնապահպանական, ինչպես նաև բարոյական նորմերին, աղավաղում են այգու մթնոլորտը, անարգում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը», ասված է հանրապետության նախագահին ուղղված երիտասարդների նամակում: Ի դեպ, այգին հանրությանը վերադարձնելու օգտին ստորագրել են նաև հայտնի դեմքեր` Արթուր Մեսչյանը, Լևոն Արոնյանը, Ջիմ Թորոսյանը, Դավիթ Երևանցին ու էլի շատերը: «Այգու պահպանության հարցը ու հանրության շահը ինչ-ինչ մասնավոր շահերից վեր դասելը կամքի, ցանկության հարց է: Մենք ակնկալում ենք, որ շատ մտավորականներ, արվեստագետներ, ովքեր երևանցիների կողմից ընտրվել են որպես ավագանու անդամներ, իրենց կարծիքը պիտի հայտնեն խնդրի հետ կապված: Ամեն օր լսում ենք, թե մարդիկ ինչպես են ասում` մենք սիրում ենք Երևանը, սակայն գործով պիտի սերը արտահայտվի», ասաց խմբի անդամ Վահրամ Սողոմոնյանը: Երիտասարդները Ուսանողական այգու լուսանկարների շարժական ցուցահանդես են կազմակերպել. այն ներառում է այգու պատմությունը` դնելով սահմանագիծ կառուցապատումից առաջվա և հետոյի միջև: «Օգտագործում ենք տեղեկատվության տարածման, խաղաղ բանակցությունների բոլոր հայտնի մեթոդները` մշակութային միջոցառումներ, նամակներ, հանդիպումներ, ստորագրահավաքներ: Սակայն այդ գործիքների սպառվելուն պես` պատրաստվում ենք դիմել ռադիկալ քայլերի` ցույցեր, երթեր և այլն, քանի որ տեսնում ենք, որ մեր ձայնը պետական օղակներում անարձագանք է մնում», ասաց շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Ակտիվիստներն, անակնկալների տեղ թողնելով, այնուամենայնիվ նշեցին, որ չի բացառվում կոլեկտիվ հայցադիմումով այս հարցը դատարանում վիճարկելու հավանականությունը: Զարուհի Մեջլումյան

No comments: