Tuesday, May 25, 2010

Ֆ.Միկլոշկոն առաջարկեց ԼՂ կարգավորման այլընտրաքային տարբերակ

Aysor.am. 25-5-2010- Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, այժմ պատգամավոր Ֆրատիշեկ Միկլոշկոն այսօր ասուլիսի ժամանակ առաջարկեց ԼՂ կարգավորման այլընտրաքային տարբերակ. ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի համադաշնություն` ԵՄ-ին ասոցիացված անդամակցության միջոցով: Ըստ բանախոսի, Ղարաբաղյան հիմնախնդրին հնարավոր է տալ Բենիլյուքսի պատմական տարբերակը, երբ ստեղծվել է Նիդեռլանդների, Բելգիայի և Լյուքսենբուրգի համադաշնություն: «ԵՄ-ն կարող է մոտ ապագայում առաջարկել ասոցիատիվ անդամություն ՀՀ-ին, ԼՂՀ-ին և Ադրբեջանին»,- կարծիք հայտնեց Ֆ. Միկլոշկոն, հավելելով, որ այսպիսով ԵՄ-ն կօգնի այս 3 հանրապետություններին արագ զարգանալու և պատրաստ լինելու դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԵՄ-ի զգայուն խնդիրն է, կենսական հարց Եվրոպայի համար: Եվրոպային կարող եմ համեմատել մի մեծ ամուր շղթայի հետ, որը ամուր է, երբ նրա բոլոր օղակները հավասարապես ամուր են, և թույլ օղակ պետք է չլինի»,- ասաց Ֆ. Միկլոշկոն, նշելով, որ Եվրոպայի համար ԼՂ հիմնահարցն այսօր ահավոր թույլ օղակ է: «Անկասկած հակամարտությունը կամ պատերազմը լուծում չեն», - շեշտեց նա և հավելեց, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծումն ամբողջ Հարավային Կովկասի խաղաղության համար մեծ նշանակություն կունենա, քանի որ կկարողանա լուծել տարածաշրջանի բոլոր հիմնահարցերը:

No comments: