Wednesday, May 26, 2010

ԵՆ ԱՆՑՆԵԼ

«Լրագիր» 26-5-2010- Մարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը հայտարարում է, որ հունիսի 4-ին, երբ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակի վճիռը, ինքը չի մասնակցելու դատական այդ նիստին, այլ սև շրջանակով ու ժապավենով իր որդու լուսանկարը ձեռքին կանգնելու է դատարանի բակում: Տիկին Ալլան ասում է, որ դատավոր Գայանե Կարախանյանը ընդգծված վատ վերաբերմունք է դրսևորում զոհվածների հարազատների նկատմամբ: “Մինչև այս դատը մենք 7-ի գործով դատավարությանն էլ ենք մասնակցել, բայց վատ վերաբերմունք զոհվածների հարազատների նկատմամբ չենք տեսել ոչ դատարանի և ոչ էլ մեղադրողի կողմից: Գուցեև նրանց որոշումները մեզ չեն բավարարել, բայց նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ հարգալից է եղել,- ասում է զոհվածի մայրը,- դատավոր Կարախանյանը ակնհայտորեն ստանձնել է Հատուկ քննչական ծառայության և դատախազության պաշտպանի դերը ու իրեն թույլ է տալիս մեզ վիրավորել”: Ալլա Հովհաննիսըանը ակնկալիքներ չունի հայաստանյան դատարաններից, քանի որ հասկանում է, որ դատարանն ու դատավորը անկախ չեն այս երկրում, և եթե վերևից ասեն արդար դատաքաննություն կատարեք, իրենք այդպես էլ կանեն: Պարզապես այս ատյաններն անցնելուց հետո միայն կարող են դիմել Եվրադատարան: “Ես հասկանում եմ, որ իրենք սովորական կամակատարներ են, բայց կարող են գոնե մարդկային վերաբերմունք ցույց տալ”: Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անցած շաբաթ արագացված կարգով ավարտել է մարտի 1-ի 10 զոհերից` Չերյոմուխա-7 տեսակի հատուկ միջոցով սպանված Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի հարազատների բողոքների քննությունը, ովքեր որպես զոհերի իրավահաջորդներ, դատարանում բողոքարկել են մարտի 1-ի քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայության և վերջինիս նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը: Զոհերի հարազատները դատարանից պահանջել էին պարտավորեցնել ՀՔԾ-ին, որպեսզի վերջինիս կողմից հնարավորություն տրվի ծանոթանալու մինչ այժմ իրենց զավակների սպանության գործերով կատարված քննության հանգամանքներին: Մեղադրող Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը դատարանում հրաժարվել են պատասխանել իրենց ուղղված հարցերին`պատճառաբանելով, թե ելնում են նախաքննության շահերից: “Ինչու չեք պատասխանում, խախտվե՞լ է իմ որդու կյանքի իրավունքը, թե` ոչ: Որն է այստեղ նախաքննության գաղտնիությունը”, հարցրել է Ալլա Հովհաննիսյանը: Ի պատասխան դատավոր Գայանե Կարախանյանն ասել է, թե տուժողի իրավահաջորդի հարցը նախաքննության հետ չկապված այլ նպատակներ է հետապնդում, ինչը և խիստ վիրավորել է տիկին Ալլային: “Ինձ համար շատ վիրավորական էր նման բացատրությունը, նաև անսպասել ի էր ինձ նման բանում մեղադրելը: Դատավորն ինչ իրավունք ունի ինձ նման մեղադրանք ներկայացնի”: Զոհերի հարազատները դատարանում առաջացած խնդիրներով հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին և խնդրել, որ նա մասնակցի դատական նիստերին` համոզվելու համար “դատարանի ոչ համաչափ վերաբերմունքի” մեջ: “Դատաքննության ընթացքում դատարաններում խախտվում է մեր արդար դատաքննության իրավունքը, սահմանափակվում խոսքի ազատությունը, ինչպես նաև ոտնահարում է մեր արժանապատվությունն ու վիշտը”, ասված է պաշտպանին ուղղված դիմումում: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: