Tuesday, May 25, 2010

ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

«Լրագիր» 25-5-2010- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի ընտրության կապակցությամբ հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում տեղ է գտել բավական ուշագրավ մի ձեւակերպում: Համանախագահներն ասում են, որ “ըմբռնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության հասարակական կյանքը դեմոկրատական ընթացակարգով կազմակերպելու գործող իշխանությունների առջեւ ծառացած անհրաժեշտությունը, սակայն ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը համանախագահող երեք երկրներից եւ ոչ մեկի կողմից ճանաչված չէ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Ղարաբաղը ճանաչված չէ նաեւ որեւէ այլ երկրի, այդ թվում Հայաստանի կողմից”: “Ղարաբաղը ճանաչված չէ նաեւ որեւէ այլ երկրի, այդ թվում Հայաստանի կողմից”: Ահա այդ արտահայտությունն է թերեւս բավական ուշագրավ: Տպավորությունն այն է, որ համանախագահները կարծես թե թողարկված, բայց բավական թափանցիկ ձեւով Հայաստանին ակնարկում են ինչ որ քայլ անել Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ: Այլապես ինչու պետք է համանախագահները շեշտեին Հայաստանի չճանաչելու հանգամանքը: Ինչով էր այն կարեւոր, եթե ոչ այն իմաստով, որ գոնե Հայաստանն ինչ որ քայլ պետք է անի ճանաչման ուղղությամբ, կամ էլ եթե ոչ այն իմաստով, որ Հայաստանի չճանաչումը ներկայացվում է իբրեւ արդարացում, որ որեւէ այլ երկիր էլ չի ճանաչել մինչեւ այժմ: Հասկանալի է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը լուրջ հարց է եւ պետք է այն դիտարկել էմոցիաներից զերծ տիրույթում: Ընդ որում, թերեւս պետք է ճանաչում ասվածը դիտարկել բազմաշերտ տիրույթում: Դրա տարբերակը միայն վերցնել ու ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հայտարարություն անելը չէ: Պարզապես կարելի է դիտարկել տարբերակներ, որոնք գուցե ավելի կխորացնեն եւ կլրջացնեն Հայաստանի եւ Ղարաբաղի իրավապայմանագրային գործակցությունը: Կամ, առնվազն գոնե կարելի է ծավալել հասարակական-քաղաքական լայն քննարկում: Բանն այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, հատկապես քաղաքական դաշտում, Ղարաբաղի անկախության հանդեպ Հայաստանի Հանրապետության իրավա-քաղաքական դիրքորոշման հարցը չի էլ քննարկվում: Այդ կապակցությամբ առաջարկությամբ է պարբերաբար հանդես գալիս Ժառանգություն կուսակցությունը, որը սակայն մերժվում է ոչ թե քննարկման միջոցով, այլ հենց այնպես` իշխող մեծամասնության քմահաճույքով: Մինչդեռ քննարկումն ինքնին քաղաքական ժեստ է, որ կարելի է ձեռնարկել, որպես նախաձեռնություն: Գուցե այն տարբերակը, որ օրինակ առաջարկում է Ժառանգությունը, նպատակահարմար չէր կիրառել այժմ: Գուցե: Բայց քննարկումը թերեւս որեւէ դեպքում չի խանգարի եւ չի նվազեցնի Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական կշիռը, եթե չավելացնի էլ: Ընդ որում, դա այդ մասով միայն: Մինչդեռ կարելի է ստեղծել այդօրինակ քննարկումների այլ առիթներ: Հասարակական-քաղաքական մտքի այդօրինակ գեներացիան ամենեւին էլ ավելորդ չի լինի թե հանրային հոգեբանության ձեւավորման, թե նաեւ պարզապես քաղաքական նախաձեռնողականության տեսանկյունից: Ժամանակն է թերեւս, որ Հայաստանի իշխող քաղաքական էլիտա կոչվածը Ղարաբաղի պետականությունը իր գործողությունների բովանդակային տիրույթում կենացների մակարդակից բարձրացնի ավելի վեր` քաղաքական հարթություն, եթե իհարկե կարող է եւ ունի ցանկություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: