Monday, June 20, 2011

Փորձ չունենք, զատո Բենթլի ունենք

«Լրագիր» 20-6-2011- Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը, մեկնաբանելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցը, ասել է, որ մեր Կաթողիկոսը փորձ չունի եւ ցանկանում է կարեւոր հարցը միանգամից լուծել:
Թվում է, որ մեր եկեղեցու պատասխանը կարող է լինել հանճարեղության աստիճան պարզ` “փորձ չունենք, զատո Բենթլի ունենք”: Բայց կասկած չկա, որ վրացիները դա չեն հասկանա: Բենթլին նրանք կհամարեն ասենք խաչապուրու մի տեսակ, ու մեր պատասխանն էֆեկտ չի ունենա:
Բայց, եթե չպատասխանենք այդպես, այլ կերպ երեւի թե դժվար լինի պատասխան գտնել: Բանն այն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցը կարծես թե ակնհայտորեն տապալվել է, ու կարծես թե այն պատճառով, որ հայկական կողմը երեւի թե չէր սպասում վրացիներից այդպիսի ագրեսիվ քաղաքականություն:
Միգուցե այստեղ սպասում էին, որ Վրաստանն ընդամենը հերթական հավաստիացումները կտա, թե անպայման նորոգելու է հայկական եկեղեցիները, թե անպայման լուծելու է Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը: Ու այդ հերթական հավաստիացումները ստացած, ինչպես լինում է սովորաբար աշխարհիկ իշխանությունների պարագայում, Հայաստանի հոգեւոր իշխանությունը կամփոփեր այցն ու այն կգնահատեր բավական արգասաբեր:
Սակայն ստացվեց հակառակը: Վրացիները ոչ թե փորձեցին դիվանագիտորեն լղոզել կամ սքողել հայկական կողմի պահանջները, այլ ընդունեցին դրանք, բայց ներկայացնելով հակադարձ պահանջ` կարգավիճակ տվեք վրացական եկեղեցուն Հայաստանում: Ու, դատելով հայկական կողմի պահվածքից ու որոշակի շվարումից, այստեղ այդ պահանջին բացարձակապես անպատրաստ եղան:
Ավելի շուտ, այստեղ անպատրաստ եղան այդ պահանջը Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու հարցերի հետ կապելուն: Երեւի մտքներով չէր անցել, որ Վրաստանը կարող է այդքան անհյուրընկալ գտնվել հարեւան երկրի Կաթողիկոսի հանդեպ ու այդպիսի բարդ խնդիրներ առաջադրել, լավ իմանալով, որ ախր Կաթողիկոսը չէ, որ այդպիսի հարցեր է լուծում:
Բայց Վրաստանը որոշեց չընկնել ավելորդ սիրալիրության հետեւից, ու ինչպես ռուսները կասեին` “բարեկամությունը` բարեկամություն, ծառայությունը` ծառայություն”:
Իրականում, մեր Կաթողիկոսը լավ էլ փորձ ունի, պարզապես նայած, թե ինչի: Օրինակ, եթե խոսքը Երեւանում նստավայր կառուցելու մասին է, ապա այստեղ Հայ Առաքելական եկեղեցու փորձառությունն անգնահատելի է: Կամ, եկեղեցին անգնահատելի փորձառություն ունի զանազան նվերներ ստանալու հարցում: Ասում են, ըստ մամուլի հրապարակումների, որ մեր եկեղեցու բարձրաստիճան ղեկավար հայրերը նաեւ բիզնեսի հարցում ունեն զգալի փորձառություն: Դե մյուս մանր-մունր փորձառությունների մասին թերեւս չարժե խոսել:
Բայց խնդիրն անշուշտ շատ ավելի լուրջ է: Ընդ որում, վերաբերում է ընդհանրապես պետական քաղաքականությանը, իշխանություն-եկեղեցի հարաբերությանը: Բանն այն է, որ այդ հարաբերության կողմերը կարծես թե միավորվել են միայն հասարակության դեմ: Այսինքն, եկեղեցին արդարացնում է կամ ծածկում է իշխանության թիկունքը, որեւէ հակահասարակական նախաձեռնության դեպքում, եւ հակառակը` իշխանությունը ծածկում է եկեղեցու թիկունքը: Այլ գլոբալ խնդիրներ կողմերը կարծես թե միմյանց առաջ չեն դրել: Համենայն դեպս չի երեւում, որ դրել են, բացի իհարկե աղանդների դեմ ըստ էության ընդամենը անօգնական հիստերիա հիշեցնող պայքարից, երբ նույն եկեղեցին ու իշխանությունն իրենց ամենօրյա վարքով ամեն ինչ “անում” են աղանդների առաջընթացի համար պարարտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ու հետո սկսում պարզունակ շահարկումներով, ազգայինի, ազգային ինքնության եւ արժեքների մասին ոչինչ չասող տրաֆարետներով պայքարել իրենց իսկ գործունեության հետեւանքի դեմ:
Պետությանն առնչվող ռազմավարական բնույթի որեւէ հարցում իշխանություն-եկեղեցի գործակցություն չկա: Իսկ ահա ներքին, հասարակության շահի հետ հակադրվող հարցերում նրանց գործակցությունը, որի շարժառիթը թերեւս միայն բիզնես եւ գերատեսչական շահերն են, ուղղակի ռազմավարական վտանգ է պետության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցը դարձավ իշխանություն-եկեղեցի տանդեմի ռազմավարազերծ լինելու վառ ապացույց, երբ կարեւորագույն խնդիրներով լեցուն տիրույթի ուղղությամբ կատարվեց գրեթե պատմական այց, որն արժանացավ գրեթե անպատվական տապալումի:
Ակնհայտ է, որ պետական եւ ազգային խնդիրների համակարգի հանդեպ ադեկվատության տեսանկյունից խոր ճգնաժամի մեջ է ոչ միայն Հայաստանի աշխարհիկ, այլ նաեւ հոգեւոր էլիտան: Ցավալին այն է, որ “էլիտաների” այդ ճգնաժամը վարկաբեկում է կառույցներն ինքնին, ինչը շատ ավելի է բարդացնում իրավիճակի հետագա առողջացման գործը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: