Wednesday, May 26, 2010

Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության

Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 25-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում` ապահովելով ակտիվ երկխոսություն ռազմաքաղաքական ոլորտում։ Հատկապես հաջողված են համարվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը և Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին։ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահ առաքելությունը և այլք։ Սերժ Սարգսյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ, նաև խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացի մասին։ Սերժ Սարգսյանը նշել է, որ նախապայմաններ թելադրելով և պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը։

No comments: