Tuesday, May 11, 2010

Դ.Ղարաբեկյան. «ԼՂՀ ԱԺ խոսնակի համար պայքարը կընթանա «Ազատ հայրենիք»-ի և «ԱԺԿ»-ի միջև»

Panorama.am. 11-5-2010- Լեռնային Ղաբաղում առաջիկա խորհրդարանական ընտրություններին նվիրված սոցիոլոգիական հարցումներ հստակ ցույց տվեցին մեկ բան՝ ղարաբաղցիները միահամուռ են ղարաբաղյան հարցում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ղարաբաղից անկախ վերլուծաբան Դավիթ Ղարաբեկյանը: Վերլուծաբանը հատկանշական է համարում, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում արցախցիների կարծիքներն ունեն երկու վեկտոր՝ մի մասը ձգտում է ԼՂՀ-ն տեսնել Հայաստանի կազմում, իսկ մյուս մասը՝ իբրև անկախ պետություն. «Սա բացառում է այն թյուր կարծիքը, որ արցախյան հանրությունը ԼՂՀ կարգավիճակի հարցում որպես փոխզիջումային տարբերակ կարող է ընդունել ԼՂ-ի նկատմամբ երրորդ կողմի ՝ լինի դա միջազգային կազմակերպության կամ պետության, հովանավորությունը»,- նշեց Դ.Ղարաբեկյանը և ավելացրեց՝ ինչպես նաև Ղարաբաղի ներքին կամ արտաքին գործերը վերջինիս լրիվ կամ մասնակի տնօրինումը: Շարունակելով ` Դ.Ղարաբեկյանը նշեց, որ 2007թ-ին չորս խորհրդարանական կուսակցությունների կողմից առաջադրված միասնական թեկնածուն ` գործող նախագահ Բակո Սահակյանը, իրապես ղարաբաղյան հանրության համար հանդիսանում է ամենաազդեցիկ քաղաքական գործիչը և հենց նրա վարչակազմի հետ են կապում թե հանրապետական կյանքում արձանագրված նվաճումները, թե համաշխարհային ճգնաժամի հետևանքների մեղմումը: Այնպես որ վերլուծաբանը պատահական չի համարում, որսոցհարցումների արդյունքներում արցախցիների հավակնությունների պատկերը գրեթե ամբողջությամբ համընկնում է ԼՂՀ ԱԺ-ում քաղաքական կուսակցությունների պատգամավորական մանդատների հարաբերակցության հետ: «Այդ տվյալներն արտացոլում են ոչ միայն ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը, այլ նաև ընտրապայքարի ֆավորիտների միջև պայքարի սցենարն ու նրա հնարավոր ելքը. Իսկ այս ընտրություններում ֆավորիտներ են ԼՂՀ վարչապետի ղեկավարած «Ազատ հայրենիք» ու ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունները և հենց սրանցի միջև կծավալվի խորհրդարանում խոսնակ ունենալու պայքարը»,- ասաց Դ.Ղարաբեկյանը: Ըստ վերլուծաբանի, հավանական է, որ այս ընտրություններից հետո ԼՂՀ Ազգային Ժողովում հայտնվի նաև ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը, որը բոլորովին վերջերս որդեգրել է ձախամետ ընդդիմության դաշտը գրավելու սկզբունքը: Ինչը թերևս զարմանալի է, քանի որ, ըստ Panorama.am-ի զրուցակցի, կոմունիստների առաջնորդը նախկինում գրեթե բոլոր ընտրական հարթակները օգտագործում էր հանրապետական ղեկավարությանն իր հավատարմությունը հայտնելու և ընդդիմադիր գործիչների վրա հարձակվելու համար` նշելով, թե իրենց ծայրահեղ ընդդիմություն պետք չէ:

No comments: