Tuesday, May 18, 2010

Հայաստանի գրողների միության նախագահության հայտարարությունը

Քննարկելով ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին» արձանագրային նախագիծը, Հայաստանի գրողների միության նախագահությունը հայտնում է իր անհանգստությունը և ուշադրություն հրավիրում հետևյալ հիմնախնդիրների վրա: ՀՀ օրենքներում կատարվելիք յուրաքանչյուր փոփոխություն անշեղորեն պետք է համապատասխանի ՀՀ սահմանադրությամբ ամրագրված դրույթներին: Այնինչ, սույն նախագծի տրամաբանությունը հակասում է ՀՀ գլխավոր օրենքի 12-րդ հոդվածին, որի համաձայն, «ՀՀ պետական լեզուն հայերենն է». այսինքն` մեր հանրապետությունում պետականորեն իրականացվող լեզվաքաղաքական բոլոր գործառույթները պարտավոր ենք իրականացնել մայրենի լեզվով: Ներկայացվող նախագիծը հակասում է նաև ՀՀ լեզվի մասին օրենքի ընդհանուր գաղափարախոսությանը և զանց է առնում կարևորագույն նախապայմաններ. ա. Լեզվի մասին օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերությունը` «ՀՀ տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է», ենթարկվել է ոչ միայն փոփոխության, այլև «թյուրիմացաբար» դուրս է մնացել դաստիարակություն բառը, որի հետևանքով ՀՀ ապագա քաղաքացին կկորցնի հոգևոր-ազգային դիմագիծը և կվերածվի միջին թվաբանական հիբրիդի: բ. Երրորդ պարբերությունը վերաշարադրելով «ՀՀ տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ» ձևակերպմամբ, նախագծի հեղինակները դուռ են բացում հանրակրթության ոլորտում օտարալեզու դպրոցների անկառավարելի հարահոսի առջև: Հանդիսանալով մեր ազգային և մշակութային ինքնագիտակցության հիմնասյունը` հայոց լեզուն, կրթական գործառույթներից բացի, կրում է ազգապահպան նշանակություն և, նրա դերը սահմանափակելով, նախագիծը ստեղծում է վտանգավոր հեռանկար: Մինչդեռ մեր սերնդի հիշողության մեջ դեռևս ապրում են այն բազմաթիվ հայորդիները, ովքեր ազգային կրթություն ստանալով Հայաստանի և արտերկրի տարբեր կրթօջախներում (Մխիթարյան վարժարան, Ներսիսյան և Գևորգյան ճեմարաններ, Մելգոնյան դպրոց և այլն), որոնցում կրթադաստիարակչական բոլոր գործընթացներն իրականացվում էին բացառապես հայերենով, ազատորեն տիրապետում էին մի քանի օտար լեզուների: Այս հանգամանքն ապացուցում է, որ անխաթար պահպանելով կրթական ազգային համակարգը` միանգամայն հնարավոր է էապես բարելավել օտար լեզուների ուսուցումը մեր դպրոցներում, ինչը, բնականաբար, հրամայական անհրաժեշտություն է 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայող և ժամանակի պահանջներին համահունչ սերունդ դաստիարակելու համար: ՀԳՄ նախագահությունը կտրականապես դեմ է ներկայացված նախագծին` այն համարելով անհեռատես ու ոչ ընդունելի ազգային-պետական շահերի հայեցակետից և առաջարկում է ՀՀ Ազգային ժողովին քննարկման չդնել այդ փաստաթուղթը:

No comments: