
«ԱԶԳ», 18-05-2010- Ադրբեջանն ու Թուրքիան համառորեն բարձրաձայնում են այն տեսակետը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ղարաբաղի հարակից շրջաններից առնվազն երկուսի վերադարձն արդեն իսկ քննարկման փուլում է, ընդ որում, եթե Ադրբեջանը դրանում իր դիրքորոշման ամրագրումն է տեսնում, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, իր գնահատականով, հայ-թուրքական գործընթացում «առեւտուր» անելու նկրտումներ ունի, այն էլ` այդ շրջանների հաշվին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Բաքվում էր ու, թուրքական «Հյուրիեթի» համաձայն, Էրդողանի այցի օրակարգում լինելու է Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից երկուսի հանձնման խնդիրը: Ըստ թուրքական թերթի, ենթադրվում է, որ հանձնման ենթակա Քելբաջարն ու Ֆիզուլին են: Ավելին, ըստ թերթի, Էրդողանն իր հետ Բաքու է տարել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման «նոր պլան»:
Ըստ այդմ, իբր երկու շրջաններ «վերադարձվելուց հետո» Ադրբեջանը կարող է բացել սահմանը Հայաստանի հետ: Թուրքական աղբյուրները նշում են, թե իբր նման համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ նախագահի` Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումներում եւ Ռուսաստանի նախագահի` Թուրքիա այցելության ժամանակ: Էրդողանը «նոր պլանի» պոչին նաեւ «ճանապարհային նոր քարտեզ» է իր հետ իբր տարել Ադրբեջան, որով էլ վարում է իր «լուռ դիվանագիտությունը»:
Հասկանալի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան քննարկման ինչ թեմայից էլ սկսեն, հաստատապես անդրադառնալու են ղարաբաղյան հարցին: Սակայն այն, որ թուրքական լրատվամիջոցներն արդեն իսկ օրակարգային են նշում ԼՂ հարցը, հետն էլՙ «նոր պլան» ու «նոր ճանապարհային քարտեզ», թերեւս հավանական է դարձնում, որ այցը ղարաբաղյան հակամարտության առնչությամբ խիստ կարեւոր նշանակություն է ունենալու:
Երեկ երեկոյան Բաքու ժամանումից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ենթադրվում է, որ Ալիեւի հետ Էրդողանի հանդիպմանը, բացի Ղարաբաղի հիմնահարցից, քննարկվել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:
Ամեն դեպքում, ամենից կարեւոր հանգամանք պաշտոնապես նշվում է Ադրբեջան-Թուրքիա գազային համաձայնագրի ստորագրումը: Օրակարգային են նշվում նաեւ վիզային ռեժիմի վերացման, «Կովկասում կայունության հեռանկարների» հարցերը` ի շարս հայ-թուրքականի եւ ղարաբաղյանի: Միաժամանակ, Էրդողանը Ալիեւի հետ բացել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան դիմաց կառուցված Աթաթուրքի արձանը, որ երկու երկրների «եղբայրության» հերթական վկայությունն է: Ի դեպ, Ադրբեջանից Թուրքիայի վարչապետը կմեկնի Վրաստան: Իսկ Ադրբեջան այցն էլ մեկ օրով ուշացել էր Էրդողանի` Իրան մեկնելու անսպասելի որոշման պատճառով:
Ամեն դեպքում, մի տեսակ տպավորություն է ստեղծվում, թե կան ինչ-որ գործընթացներ, որոնց մասին Հայաստանում լռում են, քանի որ վերջին ադրբեջանական հրապարակումներին հայկական կողմի արձագանքները, մեղմ ասած, հստակ չեն եղել: Որեւէ տարբերակով հստակորեն չի ասվել, որ ադրբեջանական ու թուրքական հայտարարությունները որեւէ կերպ իրականություն չեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ որեւէ կերպ չի անդրադառնում գործընթացից դուրս հենց Ադրբեջանի նախաձեռնություններին, որին վերջին շրջանում ամենայն ակտիվությամբ աջակցում է «փոքր եղբոր» մեծ «խորհրդատուն»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
No comments:
Post a Comment