Tuesday, May 18, 2010

«Ժառանգությունը» կոչ է անում մարզերի բնակչությանը կազմակերպվել քաղաքացիական կառույցներում

Շաբաթ օրը` մայիսի 15-ին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Հայկ Գասպարյանը, կուսակցության Արմավիրի ստորաբաժանման ղեկավար Գագիկ Մարգարյանը, ինչպես նաեւ օրերս կուսակցությանն անդամագրված Ռուբեն Հակոբյանը հանդիպումներ ունեցան Արմավիրի մարզի քաղաքացիների հետ: Էջմիածին քաղաքում նրանք հանդիպեցին շուրջ չորս տասնյակ կուսակցական ակտիվիստների հետ, լսեցին նրանց տեսակետները երկրի համար օրախնդիր հարցերի վերաբերյալ: Էջմիածնեցի կուսակցականները պատմեցին նաեւ իրենց քաղաքում առկա խնդիրների մասին: Այնուհետեւ պատվիրակությունը այցելեց Մեծամոր, ուր հանդիպեց ՀԱԷԿ-ի աշխատակիցների եւ Մեծամորի քաղաքապետի հետ: Վերջիններս իրենց շնորհակալությունը հայտնեցին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությանը ու անձամբ Անահիտ Բախշյանին` 6 տարի շարունակ իրենց աշխատավարձերի չլուծվող խնդիրը կարգավորելու հարցում դրսևորած հետեւողական ջանքերի համար, որի արդյունքում Մեծամորի ՀԱԷԿ-ի աշխատակիցներին Կառավարությունը ի վերջո վճարեց նրանց հասանելիք շուրջ 200 մլն դրամը: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» կուսակցության անունից կոչ արեց մեծամորցիներին հիմնել անկախ ընկերային կառույց` արհմիություն կամ հասարակական կազմակերպություն, որի միջոցով իրենք կկարողանան հանրակարգայնացնել (ինստիտուցիոնալիզացնել) իրենց շահերի պաշտպանության մեխանիզմները: «Սա նաեւ կարեւոր քայլ կլինի դեպի համայնքային ինքնակառավարման ամրապնդում եւ ժողովրդավարական ավանդույթների կայացում», - նշեց տիկին Բախշյանը: Նույն օրը ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության Գյումրիի, Ստեփանավանի եւ Արթիկի ստորաբաժանման ղեկավարներ Վահագն Հովհաննիսյանը, Անուշավան Նիկողոսյանը, Էդմոն Եգանյանը եւ օրերս կուսակցությանն անդամագրված Կարինե Հակոբյանը Գյումրի եւ Արթիկ քաղաքներում ընդունեցին 92 քաղաքացիների` լսելով եւ գրանցելով նրանց խնդիրները, պատասխանելով նրանց հուզող սոցիալական եւ իրավական բնույթի հարցերին: Կուսակցության ակտիվիստները հատկապես Գյումրիի մասով արձանագրեցին, որ առկա են քաղաքացիների` ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր եւ իրենց վճռականությունը հայտնեցին խախտված իրավունքների վերականգնմանը հետամուտ լինելու եւ մեղավորներին պատասխանատվության կանչելու գործում: Նույն օրը «Ժառանգության» ներկայացուցիչները կուսակցության Գյումրիի գրասենյակում տվեցին մամլո ասուլիս տեղական լրատվամիջոցներին` ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը թե° ամբողջ երկրի եւ թե° Շիրակի մարզի համար առավել արդիական հիմնախնդիրների, «Ժառանգության» եւ նրա պատգամավորների գործունեությունը դրանց լուծման ուղղության վերաբերյալ: 17 մայիսի 2010թ.

No comments: