Wednesday, May 5, 2010

«Հրամանատարն է սպանել տղայիս»

«ՀԵՏՔ» 4-5-2010- «2001 թվականի հոկտեմբերի 30-ին տղաս արձակուրդից նոր էր վերադարձել զորամաս, հրամանատարը հարցրել է` բերե՞լ ես 100 դոլարը (ընդունված է, որ արձակուրդից հետո հրամանատարին պետք է փող տանեն), Արայիկն ասել էր, թե տնեցիքի ձեռը փող չկար, չկարողացա բերել: Հրամանատարը օձիքից քաշել-կռացրել է, ատրճանակը պահել է գլխին ու կրակել` ասելով, թե օֆիցերին խաբելը քեզ վրա էժան չի նստի»,- բանակում մահացած Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, համոզված է, որ սա է իրականությունը: Նրա խոսքով` ականատես վկան է այդպես պատմել եւ նույնը գրել է իր ցուցմունքներում: «Եթե համադրեք ականատես վկայի ցուցմունքն ու դատաբժշկական փորձաքննությունը, կմտածեք, որ բժիշկն է ցուցմունք տալիս, ականատեսի ցուցմունքը ճշտությամբ համապատասխանում է այդ փորձաքննության արդյունքներին»,- ասում է Անահիտ Մկրտչյանը: 22-ամյա Արայիկ Ավետիսյանը բանակ զորակոչվելուց առաջ ավարտել է Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետը: Մահացած զինծառայողի մոր խոսքով` ականատես վկան դատարանում հրաժարվել է իր ցուցմունքներից, սակայն երբ գործը վերադարձվել է դատախազություն, նա կրկին գրել է, որ պնդում է իր նախորդ ցուցմունքները, սակայն դրանից հետո հեռացել է հանրապետությունից, եւ մինչ օրս նրան չեն կարողանում գտնել, քրեական գործը կասեցված է: «Զինվորներից մեկն իր վրա էր վերցրել, ասել էր, թե ինքն է կրակել տղայիս, սակայն տարիներ անց հրաժարվել էր, ասել էր` ես չեմ մարդասպանը: Ես պարզեցի, որ տղայիս սպանած գումարտակի հրամանատարը` Մհեր Ստեփանյանը, 1998 թվականին մեկ այլ զինվորի էլ է սպանել: Ես դատախազությանը միջնորդեցի պարզել այս դեպքը, դրանից հետո ինձ մի գրություն տվեցին, թե 1998 թվականին Մհեր Ստեփանյանը չարաշահել է պաշտոնական դիրքը, որի արդյունքում զինվորը կտրել է երակները: Սակայն հրամանատարը համաներման էր ենթարկվել»,- արցունքն աչքերում պատմում է Անահիտ Մկրտչյանը: Նա այսօր դիմում-բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով բացահայտել եւ պատժել որդու իրական մարդասպանին: «2001 թվականից երեւում է այդ միտումը, որ չեն ցանկանում բացահայտել իրական գործը, որպեսզի հրամանատարը չպատժվի»,- վստահ է որդեկորույս մայրը:

No comments: