Tuesday, May 18, 2010

ՉԵԽԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԼՂ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

«Լրագիր» 17-5-2010- Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերին: Նա ասել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է` խորացնելու հարաբերությունները Չեխիայի հետ` հավելելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ: Յան Ֆիշերն ասել է, որ Չեխիան կարեւորում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը եւ Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հեռանկարներ կան: Վարչապետ Ֆիշերը ընդգծել է տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը` հույս հայտնելով, որ այցի շրաջանակներում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովը մեծապես կնպաստի դրան: Կողմերը կարեւորել են նաեւ մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության ընդլայնումը եւ այդ նպատակով համապատասխան ծրագրերի մշակումը: Անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին: Չեխիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում այս հարցում եւ գտնում, որ խնդիրը պետք է լուծվի հակամարտող կողմերի միջեւ փոխհամաձայնությամբ եւ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

No comments: