Tuesday, June 29, 2010

ԼՂՀ սահմանադրություն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» արտահայտություններն հա-վա-սա-րա-զոր են

Panorama.am. 28-6-2010- «Հայազն» երիտասարդների միաբանությունը, որին սատարում են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, հայաստանյան և սփյուռքի լրատվամիջոցներին ուղղված նամակ է տարածել, որում, մասնավորապես, հորդորվում է «Нагорный Карабах», «Nagorno-Karabakh» անվանումներն այլևս չգործածել, փոխարենը` կիրառել միայն Արցախ անվանումը: Նախաձեռնողները սա բացատրում են հետևյալ հանգամանքով` ինչո՞ւ օգտագործել Ղարաբաղ անվանումը, որը պարսկերեն և թուրքերեն է ու հիշեցնում է «հարևանների» զավթողական-գաղութատիրական քաղաքականության մասին և չվերադառնալ պատմական անվանմանը: Նշենք, որ ԼՂՀ սահմանադրությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» արտահայտություններն ամրագրված են որպես հավասարազոր: Panorama.am-ի զրուցակից ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Արուշան Հակոբյանը, սակայն, սա անիմաստ նախաձեռնություն է համարում. «Ինչո՞ւ հետ կանգնել մի անվանումից, որի հետ կապված են մեր անցյալն ու նվաճումները և տուրք տալ նոր գործընթացներին»,- նշեց նա: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գործընթացներ կարող են առաջ գալ նրանից, որ Լեռնային Ղարաբաղ ասելու փոխարեն ասենք Արցախ, Ա. Հակոբյանը նշեց. «Ինչպե՞ս պետք է բացատրենք միջազգային հանրությանը` ֆրանսիացիներին, անգլիացիներին կամ ամերիկացիներին, որ Արցախն այդ նույն Ղարաբաղն է: Հիմա, երբ 20 տարուց ավելի նրանք այդպես են ասել ու այդպես գիտեն, պետք է սովորեն նոր անվանը»: Ա. Հակոբյանին հիշեցրինք, որ Արցախն այդքան էլ նոր անվանում չէ, հակառակը` պատմական անվանումն է։ «Ի՞նչ անենք,- եղավ պատասխանը,- թուրքերենը կապ չունի, կարևորն այն է, որ այդ անվանման հետ կապված են մեր նվաճումներն ու հաղթանակը: Ի դեպ, Ա. Հակոբյանը հիշեցրեց, որ նմանատիպ քննարկումներ` պաշտոնական մակարդակի, եղել են նաև 90-ականներին. այն ժամանակ Գերագույն խորհրդում էր քննարկվում միայն Արցախ անվանման օգտագործումը, բայց այդ քննարկումների ալիքը նվազեց ու հարցը մնաց անփոփոխ: Այսինքն. «Երկու անվանումն էլ կիրառվում է և, կարծում եմ, այդպես էլ կշարունակվի»,- հավելեց նա: Իսկ արդյոք տեղեկատվական հակամարտության իրավիճակում նպատակահարմա՞ր է օգտագործել միայն Արցախ անունը և դրանով թույլ տալ բացառապես ադրբեջանական քարոզչության տեսանելիությունը ինտերնետային թոփերում, հարցն ուղղեցինք նախաձեռնության աջակիցներից մեկին` «Ժառանգ» մշակութային ՀԿ-ի անդամ, ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանին։ «Մինչ միջազգային հանրությանը Արցախ տեղանվանը սովորեցնելը, պիտի ինքներս այդ անվանը սովորենք։ Այսինքն` գոնե հայալեզու դաշտում գերադասելի է «Արցախ» տեղանվան գերակա օգտագործումը։ Միջազգային հանրության հետ էլ շփվելիս` ցանկալի է օգտագործել այդ երկու անվանումները զուգահեռ՝ առաջնությունը տալով «Արցախ» ձևին և փակագծերում տալով «Ղարաբաղ» ձևը։ Սա բրենդինգի խնդիր է, և հարուստ միջազգային փորձ կա` այդպիսի խնդիրներ լուծելու։ Ժամանակին նույն Ադրբեջանն էլ հաջողությամբ իրագործել է այդպիսի գործողություն՝ յուրացնելով ադրբեջանցի թուրքերի հետ որևէ առնչություն չունեցող «ազերի» անվանումը, որն այսօր օգտագործում են նույնիսկ հայկական լրատվամիջոցները»,- պարզաբանեց Կ. Վրթանեսյանը։

No comments: