Tert.am. 28-6-2010- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հնարավոր է` ստեղծվի նոր փուլ, ինչի դեպքում բանակցությունները կշարունակվեն ոչ թե Մադրիդյան առաջարկների, այլ սանկտպետերբուրգյան առաջարկների հիման վրա, ինչպիսիք, ըստ մամուլի լուրերի, կողմերին ներկայացվել է Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ:
Այս մասին Теrt.am-ին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Եթե Սանկտ Պետերբուրգում կողմերին ներկայացվել են նոր առաջարկներ, նշանակում է, որ բանակցությունները կշարունակվեն ոչ թե Մադրիդյան առաջարկների տրամաբանությամբ, այլ նոր փաստաթղթի կամ առաջարկների հիման վրա»,- նշեց քաղաքագետը:
Մինասյանը կարծում է, որ Սանկտ Պետերբուրգում ներկայացված կարգավորման նոր առաջարկները Հայաստանի համար ավելի ընդունելի են, քան Ադրբեջանի համար, ինչն ապացուցում է Ադրբեջանի դեմարշը Սանկտ Պետերբուրգում և վերադարձից անմիջապես հետո դիվերսիոն հարձակման կազմակերպումը:
Սերգեյ Մինասյանը վստահ է, որ նախագահների եռակողմ հանդիպման կազմակերպիչ Ռուսաստանը, ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդևի, թույլ չի տա վարկաբեկել իրեն, հետևաբար Ադրբեջանը ծանր վիճակում կհայտնվի, եթե չընդունի այդ հանդիպման ընթացքում ներկայացվածը:
«Մեծ ութնյակի» շրջանակում երեք նախագահների արած հայտարարությունը, ըստ Մինասյանի, խաչ է քաշում պատերազմական գործողությունները վերսկսելու Ադրբեջանի բոլոր հույսերի վրա։
Այս հայտարարությամբ, ըստ փորձագետի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բոլոր հայտարարությունները ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին ի չիք են դառնում ու Ալիևին գցում ծանր վիճակի մեջ, քանի որ նա հիմա էլ ստիպված է իր ժողովրդին բացատրել, թե ինչու ինքն այս անգամ էլ պատերազմ չի սկսում։
Tuesday, June 29, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment