Saturday, June 5, 2010

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ, ԹԵ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ

«Լրագիր» 5-6-2010- Աղվան Հովսեփյանն իր հայտնագործությունն է արել, թե իբր Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, այլ այդպես կոչվողները իրականում քրեական հանցագործներ են: Ու հետո ավելացրել է, թե նրանցից մեկը որջեր պահելու համար է նստած, իսկ մյուսն էլ դավաճանության, ու նույնիսկ Եվրադատարանն է վերջինիս դատվածությունը համարել իրավացի: Եվրադատարանի վճիռների մասին մի պահ չխոսենք, քանի որ հարյուրից ավելի վճիռներ են սպասվում քաղբանտարկյալների գործերով, որոնք մոտ ժամանակներս կհրապարակվեն, որից հետո Աղվան Հովսեփյանը տեսնենք ինչ կասի այդ վճիռների մասով, էլ չենք խոսում Եվրադատարանի արդեն կայացված վճիռների մասին, որով փաստվում է, որ 2003 թվականին տասնյակ մարդիկ ապօրինի դատվել են իրենց քաղաքական գործունեության համար: Հիմա անդրադառնանք քաղբանտարկյալ տերմինին: Դիցուք, Աղվան Հովսեփյանն ու ոմն մեկը համատեղ զբաղվում են կավատությամբ ու որջերի պահմամբ, ու այդ ոմն մեկը մի օր որոշում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, կամ էլ արտահայտում է իր ինքնուրույն կարծիքը, որից հետո այդ ոմն մեկը հայտնվում է բանտում: Արդյոք այս մարդը համապատասխանում է քաղբանտարկյալ տերմինին, թե ոչ: Ոմանց թվում է, որ քաղբանտարկյալ է համարվում միայն այն մարդը, ով քաղաքական հայացքների համար է դատապարտվել, բայց իրականում քաղբանտարկյալ են բոլոր նրանք, ովքեր քաղաքական դրդապատճառներով են դատապարտվել, և արդեն կարևոր չէ` այդ դրդապատճռներն ինչպիսին են եղել: Ավելի բացելով միտքս` ասեմ, որ եթե մարդը տասնյակ տարիներ իշխանությունների հետ համագործակցում է ու կատարում նրանց ապօրինի հանձնարարությունը, նա իշխանությունների համար հանցագործ չէ, իսկ երբ նույն այդ մարդը հանկարծ քաղաքական իրավիճակից ելնելով փորձում է դուրս գալ իշխանությունների վերահսկողությունից ու ապրել որպես ազատ մարդ, ապա հայտնվում է բանտում ու միանգամից դառնում քրեական հանցագործ: Մոտենանք հակառակ կողմից. եթե այդ նույն մարդը շարունակեր իր համագործակցությունն իշխանությունների հետ` արդյոք նա այժմ կհայտնվեր բանտում: Քննարկենք Ա.Հովսեփյանի հաջորդ պնդումը, թե իբր Սասուն Միքայելյանը ապօրինի զենք պահելու համար է դատապարտվել: Ախր եթե Սասուն Միքայելյանին երկրի ղեկավարները ծննդյան օրվա կապակցությամբ բազմապիսի զենքեր են նվիրում, իսկ մի քանի ամիս չանցած նույն մարդուն դատում ապօրինի զենք պահելու համար, դա ծիծաղելի է հնչում: Եթե երկրի ղեկավարությունը տարատեսակ զենքեր է վստահում այդ մարդուն, իսկ այդ մարդն էլ ձերբակալվելուց հետո ինքն է նախաքննության մարմնին ներկայացնում զենքերի տեղը, ու այդ մարդուն դատապարտում են ութ տարվա ազատազրկման, ապա ինչպես նրան չանվանես քաղբանտարկյալ: Այսինքն, մարդու բանտարկելու դրդապատճառները միայն քաղաքական են, քանզի եթե նա քաղաքական իրավիճակից ելնելով ժողովրդին չպաշտպաներ, նա այժմ էլ կմնար պատգամավոր, իշխանավոր ու “օրինապաշտ քաղաքացի”, իսկ իշխանություններն էլ ամեն հնարավոր առիթով նրան կպարգևատրեին նորանոր զենքերով: Իհարկե, հարյուրհիսուն քաղբանտարկյալների մեջ կան այնպիսիք, ովքեր մինչև մարտի մեկը ընդհանրապես քաղաքականությամբ չեն զբաղվել, սակայն երբ մարդուն ապօրինի դատապարտում են քաղաքական դրդապատճառներով, նա մեխանիկորեն դառնում է քաղբանտարկյալ: Այսինքն, կարևորը ոչ թե քաղաքական հայացքների համար դատապարտվելն է, այլ քաղաքական դրդապատճառներով դատապարտվելը: ԱՌԱՔԵԼ ՍԵՄԻՐՋՅԱՆ

No comments: