ԹՈՂ ԳՈՀ ՄՆԱ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Երեքօրյա պաշտոնական այցով Թեհրան ժամանած ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ծրագրերում նախատեսված էր նաեւ «հանդիպում համայնքի հետ», որը կայացավ մայիսի 23-ի երեկոյան, Հայ ուսումնասիրաց «Չհարմահալ» միությունում:
ՀՅԴ-ին ենթակա միության սրահում կայանալիք հանդիպման մասին, բնականաբար, միայն հայտարարվել էր այդ կուսակցության պաշտոնաթերթ` «Ալիք»-ում. արդյունքում՝ մոտ 20 հոգի, որոնց մեծ մասը ոչ-դաշնակցականներ, եկել էին լսելու Նախարարին:
Փաստորեն պատվիրակության կազմից ավելի քիչ թվով հանդիսատեսներ ներկա գտնվեցին միջոցառմանը, լսեցին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանին ու նախարար Արմեն Աշոտյանին եւ վերջում նաեւ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրանց՝ հիմնականում ողջ հայությանը հուզող օտարալեզու դպրոցների խնդրի մասին: Ներկա դաշնակցականները, ինքնամոռանալով, որ իրենց կուսակցական հանցագործ ընկերների տաս տարվա ավերիչ գործունեության հետեւանքով, կադրային ավեր ստեղծելով` կաշառակերությամբ լցրեցին ՀՀ Կրթության նախարարությունը, հանձինս դաշնակցական նախարարի, փորձեցին առիթը չարաշահել եւ ներկայանալ, որպես մաքրակրոն հայրենասերներ եւ ազգայիններ: Նրանցից մեկը, ամբոխավարորեն հայտարարեց, որ ինքը պատրաստ չէ նստել այն սեղանի շուրջ, ուր նստել է նախարար Աշոտյանը եւ խոսքն ուղղելով Նախարարին, հավելեց. «Ես պահանջում եմ, Հայաստան հասնելուդ պես, հրաժարվես քո պաշտոնից»: Մի ուրիշ թվաբանությունից եւ պատմությունից անգիտակ դաշնակցական էլ հայտարարեց, որ ավելի քան 400 տարի իր կուսակցությունը պահպանում է իրանահայության հայկականությունը եւ ասաց. «իսկ դուք թե՛ Խորհրդային տարիներում թե՛ այսօր փակում եք հայկական դպրոցները»:
Նախարարն, իհարկե, խիստ բորբոքված, պատասխանեց, որ պետք չէ իրենց ազգասիրության դասեր տալ: Բայց փաստը մնում է փաստ, որ ՀՀ պետական պատվիրակությունը իր իսկ ոտքով եւ պատասխանատվությամբ հայտնվեց դաշնակցականների լարած թակարդում:
Թե ում հետ եւ ինչպես են կապ պահում, հրավերներ ընդունում կամ ուղղում ՀՀ իշխանությունները դա իրենց գործն է: Բայց, այդ դեպքում, թող բարի լինեն եւ չդժգոհեն, որ իրանահայությունը անտարբեր է ՀՀ պատվիրակությունների հանդեպ եւ անհարգալից վերաբերմունք է դրսեվորում նրանց նկատմամբ: Հավելենք, որ այլ բան է ՀՀ-ի կամ Սփյուռքի պատասխանատուներին, բողոքել, բացատրություն պահանջել, պատասխանատվության կանչել` այս կամ այն հարցի համար, այլ բան՝ նրանց ծաղրի առարկա դարձնել եւ Հայաստանում ընթացող քաղաքական ոչ ազնիվ քաշքշուկը տարածել հայկական տարբեր համայնքներում:
Պրն. Աշոտյանը, վստահաբար, պետք է բավարարված զգա իրեն «Չհարմահալ» միությունում իր հետ պատահածից, եթե գիտենա, որ տարիներ առաջ ՀՅԴ-ն ինչպիսի «ջերմ» ընդունելություն կազմակերպեց ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ Իրան ժամանած պատվիրակության համար, ում Սպահանի «Ս. Ամենափրկիչ» վանքի բակում դիմավորեց միայնակ մի շուն: Թող ընթերցողը ներող լինի եթե կոպիտ է հնչում իրողությունը, բայց անհրաժեշտ է բոլորը իմանան, որ անկախ իրենց ով լինելուց, ՀՀ պատվիրակությանը` ՎԱՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՄԻ ՇՈՒՆ:
Հրաչ Ասատրյան
«ԱՐԱՔՍ» թիվ 199
http://araxmag.blogspot.com/
Sunday, June 13, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment